03/05/2022 18:40
Մայիսի 7-ին դատավոր Բորիս Բախշիյանն ազատ կարձակվի
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանն ազատ կարձակվի:
Դատավորի փաստաբան Արսեն Սարդարյանը հաղորդել է, որ Բախշիյանն ազատ կարձակվի մայիսի 7-ին՝ ժամը 11:30-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ից:
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում էր կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։
Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Դատավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. նա հայտարարել էր, որ իր նկատմամբ իրականացվող ողջ գործընթացը բացառապես միջամտություն է իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը:
Հիշեցնենք` հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունը բավարարել:
Հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել:
Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը: