03/05/2022 14:15
Ինչ-որ օլիգարխների և Նիկոլի շրջանակների խմբակների կողմից ոստիկանական հագուստով անձինք կատարում են նրա հանձնարարությունները. ԱԺ փոխնախագահ
Ոստիկանությունը շարունակում է բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, աչքի են ընկնում հատկապես սև բերետները, որոնք ակնհայտորեն ղեկավարվում են ինչ-որ խմբերի կողմից, ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք տեղեկություն ունենք, որ նրանց մեջ կան մարդիկ, որոնց մի մասի անուն-ազգանունը գրված չէ, մյուսներինն էլ կեղծ է։ Ինչ-որ օլիգարխների և Նիկոլի շրջանակների խմբակների կողմից ոստիկանական հագուստով կատարում են նրա հանձնարարությունները՝ վնասելով քաղաքացիներին։
Այս պահի դրությամբ 200-ից ավելի բերման ենթարկված ունենք, բայց սա չի կարող կասեցնել մեր պայքարը. որքան բերման են ենթարկում, այնքան ավելանում են», - ասաց ընդդիմադիր գործիչը։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ մոտավոր պատկերացում ունեն՝ որ օլիգարխի մասին է խոսքը, սակայն անուններ կհնչեցնեն ավելի ուշ։