03/05/2022 22:16
Վաղը 15։30-ին եղեք Ֆրանսիայի հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու համար․ Իշխան Սաղաթելյան
Վաղը բողոքի ակցիաները շարունակվելու են, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը։
Նա քաղաքացիներին կոչ արեց ժամը 12։00-ից մինչև 14։00-ն փակել ճանապարհները, շրջափակել փողոցները, իսկ 15։30-ին լինել Ֆրանսիայի հրապարակում։
«Ժամը 15։30-ին պետք է հավաքվենք այս հրապարակում։ Վաղը ԱԺ-ում տեղի է ունենալու կառավարության հետ հարցուպատասխան։ Ժամը 16։00-ին Նիկոլը գնալու է ԱԺ։ Մենք պետք է 15։30-ին լինենք այս հրապարակում՝ նրա հրաժարականի հանրային պահանջը ներկայացնելու համար։ Դրա համար վաղը ձեր ներկայությունը շատ կարևոր է»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։
Նա կարևոր համարեց նաև գործադուլներն ու դասադուլները շարունակելը։
«Վաղը շատ կարևոր է, որպեսզի լինի իրական գործադուլ։ Շատ կարևոր է, որ դասադուլը ավելի լայն ծավալի վերածվի։ Վաղը ձեր երեխաներին դպրոց մի՛ ուղարկեք, եղե՛ք այս հրապարակում, շատ կարևոր է բոլորիդ ներկայությունը»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Օրեցօր թափ առնող պայքարի արդյունքում, Իշխան Սաղաթելյանի խոսքով, առաջիկա օրերին կկարողանանք վերջնականապես փաստել, որ Փաշինյանն ու նրա կառավարությունն այլևս իշխանություն չունեն։