03/05/2022 15:31
«Պատերազմից հետո մեկ մեղավոր ցույց տվեք, որ դատվել է». Զոհված զինծառայողների հարազատները դատախազություն միջնորդություն են ներկայացրել
Զոհված զինծառայողների ծնողներն օրեր առաջ Դատախազությունից պահանջել էին հարուցել քրեական գործ Նիկոլ Փաշինյանի և մի շարք պաշտոնատար անձանց դեմ, նրանց որպես մեղավոր դատական գործընթացի մեջ ներառել` առերևույթ պետական դավաճանություն իրականացնելու համար։
«Գլխավոր դատախազը հինգ օր առաջ խոստացել էր մեզ պատասխան տալ, թե ինչ են ձեռնարկելու Նիկոլ Փաշինյանի և 44-օրյա պատերազմի մյուս մեղավորների հանդեպ գործ հարուցելու ու պատասխանատվության կանչելու ուղղությամբ։ Հինգ օրն արդեն լրացել է և գլխավոր դատախազից պահանջում ենք՝ իջնել ու ասել` ինչ են արել այս ընթացքում», - Դատախազության դիմաց հայտարարեց Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։
Զոհվածների հարազատները Դատախազությանը նաև ներկայացրին միջնորդություն, որ իրենց` որպես զոհվածների իրավահաջորդների, դատական գործընթացում տան տուժողի կարգավիճակ։
«Տարի ու կես է անցել, բայց մենք դեռ չգիտենք` ո՞վ է մեղավոր և պահանջում ենք դատավարություն։ Մենք համարում ենք, որ Նիկոլն է մեղավոր, եթե իրենք դատ կանցկացնեն, և նա մեղավոր չի ճանաչվի ապա թող տան մեղավորներին։ Պետք է օրինանական ձևով հարուցվի քրեական գործ, լինի դատ ու պարզվի` գուցե Նիկոլն իր վրա է վերցնում և իրոք մեղավոր չէ, բայց դա մեզ չի հետաքրքրում, մեզ հուզում է, թե ով էր մեղավոր մեր այսքան զոհերի համար։ Մենք մեր տղաներին այլ նպատակով էինք ուղարկում։ Հինգ հազար մարդու կյանք խլեց, նա պատասխան չի՞ տալու։ Պատերազմից հետո մեկ մեղավոր ցույց տվեք, որ դատվել է։ Հասկացանք` այնպիսի ցավի տակ էինք, որ հազիվ դուրս եկանք։ Նիկոլը սառցալեռան գագաթն է այդ դավադրության օվկիանոսում,
Համախմբան անդամները եկել էին սատարելու զոհված զինծառայողների հարազատներին։ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին մարզպետ ու Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ասաց.
«Իհարկե, այս պատերազմում զոհվածների ցավն անմիջապես իրենց ընտանիքի անդամներինն է, բայց այդ ցավի առանձնահատկությունն այն է, որ այն նաև բոլորինն է։ Այդ մարդիկ դժբախտ պատահարի զոհ չեն, այլ հանուն հայրենիքի ու մեզ են զոհվել։ Այս իշխանությունը հասցրել է նրան, որ մարդիկ իրար երանի են տալիս, եթե գոնե մարմինը գտել են իրենց զոհվածի։ Եվ ո՞նց կարող է նման հանցագործություն կատարած մարդը մինչև օրս մնա անպատիժ, ո՞վ պետք է նրանց պատժի, եթե ոչ համապատասխան մարմինը։ 44-օրյա պատերազմը ոտքից գլուխ հանցագործություն է։ Այս պատերազմում երկու հանցագործ կա՝ Նիկոլ Փաշինյան և Իլհամ Ալիև։ Նրանք գործել են համաձայնեցված, և փաստեր շատ կան։ Այս մարդիկ ոչ միայն չեն հրապարակում, թե պատերազմում ընդհանուր քանի զոհ է եղել, այլ նաև՝ թե որ օրը քանի մարդ է զոհվել», - ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ այն օրերից հետո, երբ Փաշինյանին առաջարկվել է կանգնեցնել պատերազմը և նա չի համաձայնվել, նա պատասխանատու է հատկապես դրանից հետո զոհված յուրաքանչյուր զինծառայողի կյանքի համար։