03/05/2022 10:00
«Ժողովուրդ». Իրավապահներին մայիսի 1-ին աշխատանքի էին կանչել ու մինչև երեկո պահել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգի աշխատակիցներին կիրակի օրը «բերման են ենթարկել»:
Պարզվում է՝ ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև քննչական մարմինների բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներին կիրակի օրը՝ մայիսի 1-ին, իրենց վերադասները կանչել են աշխատանքի:
Իրավապահները գնացել են աշխատանքի վայր և մինչև ուշ երեկո՝ ժամը 21 00-ն, մնացել են իրենց աշխատավայրերում, սակայն որևէ աշխատանք չեն իրականացրել. կայքերով հետևել են ընդդիմության հանրահավաքին: Տուն գնալու թույլտվություն նրանց տրվել է միայն 21:00-ից հետո:
Մեզ ահազանգած աշխատակիցների պատմելով՝ ղեկավար կազմն այս քայլին գնացել է, որպեսզի համակարգի աշխատակիցները հանկարծ հանրահավաքի չգնան թեկուզ օպերատիվ նպատակների անվան տակ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պետական շատ աշխատողներ պնդեցին, որ եթե այս գործելաոճը շարունակական լինի, դիմելու են աշխատանքի տեսչական մարմին կամ աշխատանքից ազատման զանգվածային դիմումներ են գրելու»։