03/05/2022 19:56
Այս պայքարն անկասելի է, սա է հայ ժողովրդի դիրքորոշումը․ Հայաստանը չի՛ թրքացվելու, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի՛ լինելու․ Իշխան Սաղաթելյան
«Մեր անհնազանդության ակցիաների քանակը ժամ առ ժամ ավելանում է, ավելանում են նաև մասնակիցները»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր գործիչներից Իշխան Սաղաթելյանը։
Ամփոփելով օրվա ընթացքում իրականացված գործողությունները՝ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց՝ մայրաքաղաքում պայքարի դուրս եկածներին միացել են նաև մարզերի արժանապատիվ քաղաքացիները։
«Գրեթե ամբողջ հանրապետությունում մեր քաղաքացիները դուրս են եկել փողոց»,- նշեց նա։
Իշխան Սաղաթելյանը խորհրդանշական համարեց նաև 44-օրյա պատերազմին մասնակցած, վիրավորման հետևանքով հաշմանդամություն ստացած երիտասարդների բողոքի ակցիան։
«Փողոց փակեցին 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցները՝ սայլակներով։ Սա շատ հստակ ուղերձ է»,- ասաց նա։
Ընդդիմադիր գործիչն, անդրադառնալով նաև ԲՈՒՀ-երում դասադուլներին, համընդհանուր պայքարին ուսանողության մասնակցությանը, նշեց, որ ոստիկանության բիրտ գործողությունները ո՛չ մայրաքաղաքում, ո՛չ մարզերում ընթացող ակցիաները չեն կանգնեցնելու։
«Մարզային ակցիաների ժամանակ քաղաքացական հագուստով մի քանի խուժաններ, իշխանության կողմից ուղղորդված, հարձակվել են քաղաքացիների վրա։ Այլևս ոստիկանական ուժերը չեն բավարարում։ Նիկոլը, ինչպես միշտ, հույսը դրել է խուժանների վրա։
Այստեղից կոչ եմ անում․ Նիկո՛լ, առանց այդ էլ վիճակ ծանր է, նոր քրեական գործեր մի շալակիր։ Վիճակդ ավելի մի՛ բարդացրու, նոր ապօրինությունների մի՛ դիմիր։
Այս պայքարն անկասելի է․ սա է հայ ժողովրդի դիրքորոշումը, սա է հայ ժողովրդի տեսակետը։ Հայաստանը չի՛ թրքացվելու, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի՛ լինելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտնեց նաև, որ այժմ երթ է մեկնարկում դեպի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներ, որից հետո հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում շարունակվելու է։ Հնչելու է կարևոր հայտարարություն։