03/05/2022 21:56
Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն՝ կազմված հայ ժողովրդի կարող ուժերից․ Իշխան Սաղաթելյան
Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր գործիչներից Իշխան Սաղաթելյանը պատասխանեց ամենից հաճախ հնչող երկու հարցի։
«Ասում են՝ եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, Ալիևը կջղայնանա ու պատերազմ կինի։ Խաբում են ձեզ, Ալիևով փորձում են վախեցնել։ Պատերազմ կլինի, եթե Նիկոլը մնա իշխանության, որովհետև Ալիևին տված խոստումներ ունի․ ծնկի է եկել թուրքի առաջ։ Կամ պետք է խոստումներն իրականացնի, հանձնի մեր երկիրը, կամ տանելու է պատերազմի, որպեսզի պատերազմով հանձնի։ Հետևաբար, եթե պատերազմ լինի, Նիկոլով է լինելու։ Վստահ ասում եմ՝ եթե Նիկոլը գնա, իրավիճակն այլ է լինելու»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը պատասխանեց նաև հարցին, թե ինչ է լինելու իշխանությանը հեռացնելուց հետո։
«Նիկոլին հեռացնելուց հետո ձևավորվելու է ազգային համաձայնության կառավարություն։ Այդ կառավարությունը լինելու է ժամանակավոր։ Դա չի լինելու որևէ կուսակցության, որևէ անհատի կառավարություն։ Դա չի լինելու ՀՅԴ-ական, ՀՀԿ-ական, քոչարյանական կամ որևէ մեկի կառավարությունը։ Դա լինելու է հայ ժողովրդի կարող ուժերից բաղկացած ազգային կառավարություն»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ժամանակավոր կառավարության կազմում ընդգրկվելու են փորձառու, կարող մարդիկ, ովքեր ի զորու են երկիրը դուրս բերել ստեղծված վիճակից։