03/05/2022 12:27
ԼՂ հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքն են քննարկել Արարատ Միրզոյանն ու Վիկտորիա Նուլանդը
Մայիսի 2-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:
Արձանագրվել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան և նշվել, որ 2019 թվականից համագործակցությունը բարձրացվել է նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել առավել ամրապնդելու տարբեր ոլորտներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը` հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր արժեհամակարգի վրա:
Արարատ Միրզոյանն ու Վիկտորիա Նուլանդը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ։ Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու գործընթացին։ Այս համատեքստում Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն առանձնակի ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերսկսման կարևորությունը։
Քննարկվել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, մասնավորապես` հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները։