03/05/2022 13:05
Մեկ-երկու օրվա հարց է այս իշխանություններից ազատվելը, չհաջողելու տարբերակ չունենք, չհաջողելը նշանակում է կորցնել Հայաստանն ու Արցախը. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վստահ է՝ շատ արագ հասնելու են իրենց առջև դրած խնդրին, այն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։
«Մենք դրան հասնելու ենք բացառապես քաղաքացիական ահնազանդության ակցիաներով, ինչքան էլ փորձեն ուժ կիրառեն, ինչքան էլ փորձեն մեդիադաշտում կեղծ տեղեկություններ տարածեն, դա մեզ վրա չի ազդելու, ժողովուրդն արթնացել է ու դուրս է եկել իր իրավունքները պաշտպանելու, ժողովուրդն է պահանջատեր ու անհնար է չկատարել ժողովրդի պահանջը», - լրագրողներին ասաց Վանեցյանը։
Նա նշեց, թե մեկ-երկու օրից անհնար կլինի ՀՀ իշխանությունների գործունեությունը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց, թե չեն բանակցում իշխանության հետ. իրենք իրենց պահանջի տերն են ու որևէ մեկի հետ որևէ բան չեն պայմանավորվում։
Նրա խոսքով՝ իրենց բոլոր գործողությունները պլանավորած են, սակայն շատ դեպքերում ինքնաբուխ քայլերի էլ են գնում։
«Մեկ-երկու օրվա հարց է այս իշխանություններից ազատվելը, չհաջողելու տարբերակ չունենք, չհաջողելը նշանակում է կորցնել Հայաստանը, կորցնել Արցախն ու հայկականությունը», - նշեց ԱԱԾ նախկին տնօրենը։
Ընդդիմադիրների համար առաջնորդի հարցն այս պահին երկրորդական տեղում է. առաջնայինը հայրենիքը պահելն է։
Արթուր Վանեցյանը վստահ է՝ եթե շարունակեն ավելանալ իրենց շարքերը, ոստիկանությունն էլ ի վիճակի չի լինի ուժ կիրառել։
«Եթե փողոցում ունենանք այնքան ցուցարար, որքան կա ոստիկան, անհնար կլինի ցրել ցույցը», - ասաց նա։