04/05/2022 12:25
50 Cent-ը Հայաստան է ժամանում՝ մասնակցելու «ՀԱՅԱ» փառատոնին
Աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը Հայաստան է ժամանում՝ մասնակցելու «ՀԱՅԱ» փառատոնին։ Նա իր բենդի հետ հուլիսի 1-ին համերգով հանդես կգա Երևանի Հրազդան մարզադաշտում:
«Երևան, Հայաստան։ Հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա «ՀԱՅԱ» փառատոնը: Մենք լավ ժամանակ ենք անցկացնելու։ Բաց չթողնե՛ք։ Հենց հիմա ձեռք բերեք ձեր տոմսերը»,-սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում նշել է 50 Cent-ը՝ տարածելով համերգի պաստառը։
50 Cent-ը ամերիկացի ռեփ երգիչ է, երաժշտական պրոդյուսեր, բիզնեսմեն և կինոդերասան։ Ձեռք է բերել համաշխարհային ճանաչում, երբ թողարկվել է «Get Rich or Die Tryin» (2003 թ.) ալբոմը, այնուհետև՝ «The Massacre» (2005 թ.) ալբոմի միջոցով։
Առաջին՝ «Guess Who's Back?» ալբոմը թողարկելուց հետո 50 Cent-ով սկսվում է հետաքրքվել ռեփեր Էմինեմը, որից հետո պայմանագիր է կնքվում «Interscope Records»-ի հետ։ Էմինեմի և Դոկտր Դրեի օգնությամբ 50 Cent-ը դառնում է աշխարհի առավել պահանջված ռեփերներից մեկը։
«ՀԱՅԱ»-ն նոր նախագիծ է, որի առաքելությունն է Հայաստանում ստեղծել համերգային գործունեության նոր ձևաչափ և ստանդարտներ: Այն նախատեսված է տասնյակ հազարավոր հանդիսատես ունեցող լայնածավալ միջոցառումների համար: Ողջ տարածաշրջանում «ՀԱՅԱ» փառատոնը տարբեր երաժշտական ժանրերի աշխարհի թիվ մեկ արտիստների հետ հանդիպման վայր է: Այն նոր էջ է բացում Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար և ստեղծում տնտեսական զարգացման նոր խթաններ:
Փառատոնի հիմնադիրն է «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Փառատոնի շրջանակներում Հայաստանում ելույթներ են ունեցել Պլասիդո Դոմինգոն, Անդրեա Բոչելին, Շառլ Ազնավուրը, Ջորջ Բենսոնը, Լառա Ֆաբիանը, Գառուն, Ջո Կոկերը, Գորան Բրեգովիչը, Լոնդոնի և Բեռլինի Ֆիլհարմոնիկ նվագախմբերը և այլք։