04/05/2022 19:30
Քնկոտություն, տրամադրության անկում, մկանային ցավեր. Հիպոթիրեոզի ախտանիշները, առաջացման պատճառները
Հիպոթիրեոզը վահանաձև գեղձի հորմոնների (T3, T4) երկարատև ու կայուն անբավարարությամբ պայմանավորված վիճակ է: Այն հասուն մարդկանց դեպքում առաջացնում է միքսեդեմա (լորձայտուց), իսկ մանկական տարիքում՝ կրետինիզմ (գաճաճություն):
Հիվանդության պատճառները լինում են՝
Առաջնային, երբ թիոքսինի անբավարարությունը վնասված գեղձի հետևանքով է: Առաջացման պատճառ կարող են լինել գեղձում բնածին անկանոնությունները, վնասվածքը, ինֆեկցիոն կամ աուտոիմուն բնույթի բորբոքումները, յոդի անբավարարությունը: Այս դեպքում արյան մեջ ցածր են T3, T4 -ը և բարձր է ТТГ-ն։
Երկրորդային հիպոթիրեոզը պայմանավորված է ТТГ-ի անբավարար սինթեզով, իսկ ТТГ-ն վահանաձև գեղձի հիմնական խթանիչն է թիրոիդ հորմոններ՝ T3, T4 սինթեզելու համար։ Հիպոֆիզի թերֆունկցիան լինում է վնասման, ինֆեկցիոն և ուռուցքային ախտահարման հետևանքով։
Երրորդային հիպոթիրեոզի պատՃառը հիպոթալամուսի թերֆունկցիան է, երբ անբավարար է սինթեզվում ТТГ խթանիչ հորմոնը, վերջինիս պակասը հանգեցնում է ТТГ-ի՝ հետևաբար T3, T4-ի անբավարարության:
Չորրորդային պատճառն օրգանիզմում հյուսվածքների ընկալիչների անզգայունությունն է թիրեոիդ հորմոնների նկատմամբ, այս դեպքում Т3, Т 4-ը կարող են լինել նորմայի սահմաններում։
Առավել հաճախ հանդիպում է առաջնային հիպոթիրեոզը: Հայաստանի բնակչությանը բնորոշ է յոդի անբավարարության հետևանքով առաջացած գեղձի թերֆունկցիան: Օրգանիզմում յոդի պակասը կարելի է լրացնել օրինակ յոդացված աղի օգտագործումով: Յոդը հատկապես կարևոր է հղիության նորմալ ընթացքի, պտղի զարգացման համար։
Հիպոթիրեոզին բնորոշ ախտանիշներն են՝
• թուլություն, քնկոտություն, տրամադրության անկում, հիշողության վատթարացում
• սրտանոթային համակարգի խնդիրներ՝ ռիթմի դանդաղում, զարկերակային ցածր ճնշում
• ստամոքս-աղիքային համակարգում ֆունկցիաների դանդաղում, փորկապություն
• մազերի բարակում, մազաթափություն, մաշկի չորություն
• մկանային թուլություն, հոդացավեր
• կանանց դեպքում մենստրուալ ցիկլի խանգարում, անպտղություն
• մանկական հասակում հիպոթիրեոզը հանգեցնում է երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացման դանդաղեցման
Հիպոթիրեոզ ունեցող հիվանդները գանգատվում են թուլությունից, հոգնածությունից, մրսելու զգացումից։ Դեմքի մաշկին նկատվում է դեղնություն, այտուցվածություն։ Ձայնը կոպտանում է ձայնալարերի այտուցի պատճառով։ Խոսքը և շարժումները դանդաղում են։ Բնորոշ է նաև քաշի ավելացումը։
Վերոնշյալ ախտանիշների դեպքում պետք է դիմել Էնդոկրինոլոգի: Ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ են վահանաձև գեղձի ՈՒՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն), արյան հետազոտություն (ТТГ, Т3, Т4, ат-ТГ, ат-ТПО ) տվյալները:
Հիպոթիրեոզի բուժումը կախված է առաջացման պատճառներից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։