04/05/2022 14:46
Վրաստանի ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
Մայիսի 4-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրի հետ:
Հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել երկկողմ դարավոր բարեկամությունը և ընդգծել այդ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը՝ մասնավորապես կարևորելով երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև ոլորտային համագործակցության ընդլայնումը:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և այդ մարտահրավերները հաղթահարելու Հայաստանի դիրքորոշումը:
Գրիգորյանն իր զրուցակցին է նաև ներկայացրել անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումների պլանը՝ ինչի համատեքստում վրացական կողմը կիսվել է իր համապատասխան փորձով: Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտին առընչվող բազում հարցեր:
Վրաստանի Ներքին գործերի նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վախթանգ Գոմելաուրին Արմեն Գրիգորյանին է ներկայացրել Վրաստանի Ազգային անվտանգության ճարտարապետությունը և Ազգային անվտանգության խորհրդի մանդատը։