04/05/2022 14:04
Մի օրակարգ կա իշխանության հետ քննարկելու՝ անցնցում, արագ հեռանալու օրակարգն է. Իշխան Սաղաթելյան
Ժողովուրդը ոտքի է կանգնում, ժամ առ ժամ մեր թիմն ավելանում է։ Կարող ենք հստակ արձանագրել, որ մեր ժողովուրդն իր պահվածքով փաստեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ՝ երկիրը նոր զիջումների տանելու, Երևանում բողոքի ակցիա իրականացնելիս լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Հիմա նաև պետք է փաստենք, որ օրվա իշխանությունն այլևս չունի իշխանություն, պետք է օր առաջ հեռանա», - ասաց նա։
Լրագրողի հարցին, թե իշխանությունից առաջարկ եղե՞լ է քննարկելու իրավիճակը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց.
«Մի օրակարգ կա իրենց հետ քննարկելու՝ անցնցում, արագ հեռանալու օրակարգն է։ Այլ օրակարգ չկա իրենց հետ խոսելու»։
Նա ասաց, թե այս պայքարն ավարտվելու է Նիկոլ Փաշինյանի հեռանալով.
«Հայաստանի համար բացվելու է նոր արշալույս, իսկ այս մարդիկ տանում են պետականության կործանման։ Իրենց հեռացումով Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և Հայաստանը չի թրքացվելու»։
Սաղաթելյանի խոսքով՝ հետագա քայլերը հստակ են.
«Ձևավորվելու է ազգային համաձայնության կառավորություն, որի մեջ ներգրավված են լինելու առողջ ուժերը»։