04/05/2022 18:12
Առաջիկա օրերին Փաշինյանը մտնելու է իր բունկերը, բայց դա էլ նրան չի փրկի․ ուղարկելու ենք այնտեղ, որտեղ բոլորս ցանկանում ենք․ Իշխան Սաղաթելյան
Պատգամավորները մտել են խորհրդարան, մեր պահանջը ներկայացրել են, հիմա մեր հերթն է։ Մեզ համար փակ ճանապարհ չի լինելու, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱԺ շենքի մոտ ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը թաքնվում է ոստիկանների հետևում, բայց դա նրան չի փրկելու․ հրաժարական ներկայացնելու է։
«Այս խելագարը թաքնվել է զորքերի հետևում։ Ամբիոնից փախչելուց է խոսում, բայց վախը, վստահ եղեք, «բռնել» ենք։ Առաջիկա օրերին մտնելու է իր բունկերը, բայց դա էլ նրան չի փրկի։
Մենք հայտարարում ենք, որ մեր դեմ, ժողովրդի դեմ փակ ճանապարհ չկա»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա տեղեկացրեց, որ շուտով ոստիկանները ցուցարարների առջև կբացեն ճանապարհը, և Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը կշարունակվի։
«Քիչ հետո այս փողոցը կբացվի։ Հավանաբար, ոտքները կախ գցեցին մինչև խորհրդարանից Նիկոլ Փաշինյանին փախցնեն, բայց այսպես է՝ մենք պիտի «լարենք», ինքը՝ փախչի, մինչև վերջնական «լարենք», ուղարկենք այնտեղ, որտեղ բոլորս ցանկանում ենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։