04/05/2022 16:25
Ես սկի չգիտեմ՝ լուսաձայնային նռնակն ինչ ա. ողջունելու համա՞ր ա. Հովիկ Աղազարյան
Ես սկի չգիտեմ՝ դա ինչ ա. ողջունելու համա՞ր ա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հարցին հարցով պատասխանեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում ԱԺ բակում լուսաձայնային նռնակներ տեղադրելու փաստին։
Ինչ վերաբերում է նախօրեին խորհրդարանի դարպասների զոդման աշխատանքներին, իշխանական պատգամավորը նկատեց՝ որքան անվտանգության միջոցառումներն ուժեղացվեն, այնքան լավ, հասարակությունն ավելի ապահովագրված կլինի հավանական վտանգներից։
Դիտարկմանը, որ ԱԺ զոդված դարպասները պաշտպանում են ոչ թե ժողովրդին, այլ հենց պատգամավորներին, և արդյոք սա նշանակում է, որ իշխանությունը վախենում է ընդդիմության ծավալած պայքարի գործողությունից, Հովիկ Աղազարյանը պատասխանեց.
«Այսօր փողոցում քաղաքական երկու հիմնական ուժ կա, որոնցից մեկը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանը, ով հոկտեմբերի 27-ին եղել է երկրի ղեկավարը։ Մյուս ուժը ղեկավարում է Սերժ Սարգսյանը, ով հոկտեմբերի 27-ին եղել ԱԱԾ պետ։ Քանի որ իրենք ոչ մի հնարավորություն չունեն օրինական ճանապարհով գալու իշխանության, հետևաբար իրենց միակ նպատակը հիբրիդային մարտի 1 և հոկտեմբերի 27 իրականացնելն է։
Այս իմաստով որքան անվտանգային նկատառումներով պայմանները խստացվեն, այնքան լավ, այնքան մենք զերծ կմնանք նմանատիպ դրսևորումներից։ Թող իրենք իրենց համար փողոցները փակեն, ցույցերն անեն, ժողովրդին համոզեն իրենց ճիշտ, մեր սխալ լինելու մեջ», - ասաց իշխանական պատգամավորը։
Հարցին՝ ԱԺ տարածքում աննախադեպ անվտանգային միջոցառումներով իշխանությունն իրեն ապահովագրո՞ւմ է ՀՀ քաղաքացիների՝ ԱԺ հնարավոր մուտքից, Հովիկ Աղազարյանն ասաց՝ իշխանությունը և իշխանության կրողը ժողովուրդն է։
Դիտարկմանը, որ ԱԺ դարպասները ոչ վաղ անցյալում բաց էին իշխանություն հանդիսացող քաղաքացիների համար, իսկ հիմա՝ զոդված, իշխանական պատգամավորը նկատեց՝ խորհրդարանական ընդդիմությունն այն ժամանակ օրենսդիրում ներկայացված չէր։