04/05/2022 21:15
Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք առանց արյան․ Իշխան Սաղաթելյան
Այսօր մենք այս հրապարակից շատ հստակ ձևակերպեցինք վարչապետի աթոռին հայտնված անձի հրաժարականի համազգային, համաժողովրդական պահանջը, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ հրաժարականի այդ պահանջը հնչեցնելուց հետո Ազգային ժողովի շենքի մոտ գնալու նպատակն էր Նիկոլ Փաշինյանին ուղիղ ասելը, որ նա լեգիտիմ չէ, իսկ խորհրդարանի շենքը գրավելու նպատակ չկար։
«Այսօր մենք ունեինք նպատակ՝ իր ճակատին ասելու՝ դու լեգիտիմ չես, մանդատ չունես, «ռադդ» քաշի՛ր։ Խորհրդարանական խմբակցությունները դա արեցին ներսում, մենք արեցինք դրսում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործիչը հիմնավորեց նաև պատճառը, թե ինչու խորհրդարանի շենքը «չգրավվեց»։
«Այդ շենքի մեջ իշխանություն չկա։ Իշխանությունը փողոցում է, մեր ձեռքին է։ Այդ շենքի ներսում Նիկոլն ուներ 2 000 ոստիկան։ Նիկոլը կրկին արյուն է ուզում։ Կրկին հայի արյուն է ուզում։ Այդ արյունը չի՛ լինելու։ Մենք նրան պետք է հեռացնենք առանց արյան»,- շեշտեց Իշխան Սաղաթելյանը։