05/05/2022 13:29
«Հարցեր կան, որոնց պատասխանը դեռ վերջնական չենք գտել». ինչու է ուշանում սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումը
Սահմանների ու անվտանգության խնդրով զբաղվող հանձնաժողով ստեղծելու շուրջ քննարկումները շարունակվում են, կառավարությունում լրագրողներին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք հույս ունեինք, որ հնարավոր է լինելու մինչև ապրիլի վերջ գտնել լուծումներ, բայց այս պահին էլ ինտենսիվ քննարկումները շարունակվում են», - ասաց նա։
Գրիգորյանը հույս հայտնեց, որ մոտակա շրջանում հանդիպում կլինի։
«Հարցեր կան, որոնց պատասխանը դեռ վերջնական չենք գտել, հենց պատասխանը գտնենք, հրապարակային դրա մասին հայտարարություն կլինի ու հանդիպումը կլինի», - հայտարարեց ԱԽ քարտուղարը։
Հիշեցնենք՝ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման արդյունքներով ձեռք էր բերել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: