06/05/2022 11:25
Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ. Մանրամասն տեղեկություններ դեղորայքային բուժման մասին
Aysor.am-ը շարունակում է Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտին (ՅԻԱ) նվիրված հրապարակումների շարքը։ Այդ շարքին հետևելով՝ դուք կծանոթանաք այս հիվանդության առաջացման պատճառներին, ախտանշաններին, դրսևորման տարբեր ձևերին, հիվանդության տեսակներին, բուժման և խնամքի առանձնահատկություններին։
Այս հրապարակման մեջ կխոսենք Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտի դեղորայքային բուժման մասին:
Դեռ 15 տարի առաջ ՅԻԱ-ի և այլ մանկական ռևմատոլոգիական հիվանդությունների բուժման համար օգտագործվող դեղերը ինչպես հարկն է չէին հետազոտվել երեխաների մոտ:
Դա նշանակում է, որ դեղերը բժիշկների կողմից նշանակվում էին անձնական փորձի կամ մեծահասակների համար կատարված հետազոտությունների հիման վրա:
Այսպիսի դրությունն արմատապես փոխվեց մի քանի տարի առաջ: Դա տեղի ունեցավ Եվրոպական Միությունում Ամերիկյան «Լավագույն Դեղամիջոցները Երեխաներին» օրենքի և մակական դեղերի զարգացման հատուկ օրենսդրության շնորհիվ: Այս նախաձեռնությունները իրապես ստիպեցին դեղագործական ընկերություններին հետազոտել դեղերը՝ նաև երեխաների մոտ: ԱՄՆ և ԵՄ նախաձեռնությունները, երկու լայնածավալ ցանցերի՝ Մանկական Ռևմատոլոգիական Միջազգային Փորձարկումների Կազմակերպության (PRINTO at www.printo.it), որը միավորում է 50-ից ավելի երկրներ ամբողջ աշխարհում և Հարավային Ամերիկայում հիմնված Մանկական Ռևմատոլոգիական Համագործակցական Հետազոտական Խմբի (PRCSG at www.prcsg.org) հետ միասին, դրական ազդեցություն ունեցան մանկական ռևմատոլոգիայի` մասնավորապես երեխաների մոտ ՅԻԱ-ի բուժման նորագույն մեթոդների զարգացման վրա:
Աժմ բազմաթիվ դեղեր հաստատվել են մասնավորապես ՅԻԱ-ի համար: Սա նշանակում է, որ կարգավորող մարմինները, ինչպիսիք են՝ Սննդի և Դեղերի Հսկման Վարչությունը (FDA), Եվրոպական Դեղերի Վարչությունը (EMA) և շատ ազգային լիազորված մարմիններ վերանայեցին կլինիկական փորձերից ստացված տվյալները և թույլատրեցին դեղագործական ընկերություններին հաստատել դեղի արդյունավետությունը և ապահովությունը երեխաների մոտ:
Մասնավորապես ՅԻԱ-ի համար հաստատված դեղերի ցանկը ներառում է Մետոտրեքսատը, Էթաներսեպտը, Ադալիմումաբը, Աբաթասեպտը, Տոցիլիզումաբը և մի շարք այլ դեղեր: Կան դեղեր, որոնք հաստատված չեն առանձնապես ՅԻԱ-ի համար, ինչպիսիք են բազմաթիվ Ոչ Ստերոիդային Հակաբորբոքային Դեղերը (NSAIDs), Ազաթիոպրինը, Ցիկլոսպորինը, Անակինրան և Ինֆլիքսիմաբը: Այս դեղերը օգտագործվում են առանց հաստատված ցուցումների (այսպես կոչված չգրանցված օգտագործում) և բժիշկը ձեզ կարող է առաջարկել դրանք, եթե չկան բուժման հնարավոր այլ եղանակներ:
Սկսենք ամենահաճախ նշանակվող դեղերից․
Դրանք են ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը։ Ոչ ստերոիդային հակաբորբոքային (ՈՍՀԲ) դեղերը ավանդապես եղել են շատ մանկական հիվանդությունների բուժման հիմնական միջոց: Դրանց դերը շարունակում է մնալ կարևոր և շատ երեխաներին նշանակվում են ՈՍՀԲ դեղեր: Դրանք սիմպտոմատիկ` հակաբորբոքային, ջերմիջեցնող և ցավը մեղմացնող դեղեր են։ Սիմպտոմատիկ նշանակում է, որ նրանք որոշակիորեն չեն ազդում հիվանդության ընթացքի վրա. դրանց ազդեցությունը հիվանդության զարգացման վրա սահմանափակ է, բայց դրանք կարող են վերահսկել բորբոքման հետևանքով առաջացած նշանները: Դրանց ազդեցության հիմքում ընկած է ցիկլօքսիգենազա կոչվող ֆերմենտի պաշարումը, որը կարևոր դեր ունի որոշ նյութերի (դրանք կոչվում են պրոստագլանդիններ) առաջացման համար: Պրոստագլանդինները խթանում են բորբոքային պրոցեսը, բայց օրգանիզմում ունեն ֆիզիոլոգիական դեր ևս. նրանք մասնակցում են ստամոքսի լորձաթաղանթի պաշտպանությանը, կարգավորում են երիկամներում արյան հոսքը և այլն: Այդ ֆիզիոլոգիական ազդեցություններն էլ բացատրում են ՈՍՀԲ դեղերի կողմնակի ազդեցությունները (տես ստորև): Նախկինում լայնորեն կիրառվող ՈՍՀԲ դեղը ասպիրինն էր, որովհետև այն մատչելի էր և արդյունավետ, մինչդեռ այսօր այն օգտագործվում է ավելի հազվադեպ, իր կողմնակի ազդեցությունների պատճառով: Ամենահաճախ օգտագործվող ՈՍՀԲ դեղերն են նապրոքսենը, իբուպրոֆենը, և ինդոմետացինը: Վերջերս հասանելի է դարձել ՈՍՀԲ դեղերի նոր սերունդ, հայտնի որպես ցիկլօքսիգենազ(ՑՕԳ)-2 պաշարիչներ, բայց դրանցից միայն մի քանիսն են ուսումնասիրվել երեխաների մոտ (մելօքսիկամ և ցելեկօքսիբ): Չնայած դրան՝ դրանք լայնորեն չեն օգտագործվում երեխաների մոտ: Այս դեղերը ունեն ավելի թեթև կողմնակի ազդեցություն ստամոքսի լորձաթաղանթի վրա, քան մյուս ՈՍՀԲ դեղերը:
Մելօքսիկամը և ցելեկօքսիբը հաստատվել են որպես արդյունավետ և ապահով երեխաների մոտ, վերահսկվող հետազոտությունների ընթացքում: Երեխաները տարբեր պատասխան են տալիս տարբեր ՈՍՀԲ դեղերի, այնպես որ, մի ՈՍՀԲ դեղը կարող է արդյունավետ լինել, մյուսը՝ ոչ:
Հիշեցնենք, որ ցանկացած դեղ թե՛ մեծահասակներին, թե՛ առավել ևս երեխաներին պետք է նշանակվի բուժող բժշկի կողմից, ինչպես որ դրա արդյունավետությունը և կողմնակի ազդեցությունները պետք է գնահատվեն բուժող բժշկի կողմից։ Հիշեք, որ Յուվենիլ իդիոպաթիկ որթրիտ ունեցող երեխաները մշտապես պետք է գտնվեն բժշկի հսկողության ներքո։
ՈՍՀԲ դեղերը պարտադիր նշանակվում են բուժող բժշկի կողմից, նրա կողմից որոշված դեղաչափով և ընդունման եղանակներով։ Յուրաքանչյուր ՈՍՀԲ դեղի արդյունավետությունը պարզելու համար անհրաժեշտ է 4ից 6 շաբաթ ժամանակ:
Ինչևիցէ, քանի որ ՈՍՀԲ-ները հիվանդությունը ընկճող դեղեր չեն, դրանք առավելապես օգտագործում են համակարգային արթրիտով պայմանավորված ցավը, կարկամությունը մեղմելու, ջերմությունն իջեցնելու նպատակով: Դրանք կարող են տրվել հեղուկ վիճակում կամ հաբերի ձևով: Տարբեր ՈՍՀԲ դեղերի համատեղ օգտագործման դեպքում դրանց միջև փոխազդեցություններ չեն արձանագրվել:
Երեխաների կողմից ՈՍՀԲ դեղերը սովորաբար լավ են տարվում և կողմնակի ազդեցություններ ավելի քիչ են հանդիպում, քան մեծահասակների մոտ:
Ամենահաճախը հանդիպում են փոփոխություններ ստամոքսաղիքային տրակտի կողմից՝ առաջացնելով ստամոքսը պատող շերտի վնասում՝ պրոստագլանդինների պաշարման հետևանքով: Սիմպտոմները տատանվում են դեղն ընդունելուց հետո ստամոքսի շրջանի անհանգստության զգացումից մինչև ուժեղ փորացավեր և ստամոքսային արյունահոսություն, որն արտահայտվում է թույլ և սև կղանքի առկայությամբ: Երեխաների մոտ այս կողմնակի ազդեցությունների վերաբերյալ տվյալներն անբավարար են, սակայն ընդհանուր առմամբ համարվում է, որ մեծահասակների մոտ դրանք ավելի հաճախ են առաջանում, քան երեխաների մոտ:
Ամեն դեպքում երեխաներին և ծնողներին պետք է խորհուրդ տալ , որ այդ դեղերը ընդունեն ուտելու ընթացքում՝ ստամոքսի վնասման ռիսկը նվազեցնելու համար:
Խրոնիկ արթրիտով երեխաների մոտ անտացիդների, հիստամին 2- անտագոնիստների և պրոտոնային պոմպի ինհիբիտորների արդյունավետությունը ՈՍՀԲ դեղերի կողմից առաջացրած ստամոքսաղիքային բարդությունների համար պարզ չէ և պաշտոնական խորհուրդներ չկան: Լյարդի վրա կողմնակի ազդեցություններն արտահայտվում են արյան մեջ լյարդի ֆերմենտների պարունակության բարձրացումով, սակայն սովորաբար սա աննշան է և հանդիպում է միայն ասպիրինի ընդունման դեպքում: Երիկամների հետ կապված կողմնակի ազդեցությունները հազվադեպ են, և առաջանում են միայն այն երեխաների մոտ, որոնք նախապես ունեցել են սրտի, լյարդի կամ երիկամների ֆունկցիայի խանգարումներ: Համակարգային ՅԻԱ-ով հիվանդների մոտ ՈՍՀԲ դեղերը (ինչպես և այլ դեղեր) կարող են խթանել Մակրոֆագների ակտիվացման համախտանիշի առաջացումը՝ իմունային համակարգի կյանքին սպառնացող ակտիվացում: ՈՍՀԲ դեղերը կարող են ազդել նաև արյան մակարդման վրա, սակայն այս ազդեցությունը կլինիկական կարևորություն է ներկայացնում միայն այն երեխաների մոտ, որոնք արդեն ունեն արյան մակարդման որևէ խանգարում:
Ասպիրինը մյուսներից ավելի հաճախ է առաջացնում արյան մակարդման խանգարումներ. ի դեպ, այս ազդեցությունն օգտագործվում է որոշ հիվանդությունների բուժման համար, որոնց ժամանակ բարձր է թրոմբոզների առաջացման վտանգը (արյունատար անոթների ներսում արյան մակարդուկների առաջացում, որը նորմալ երևույթ չէ). այս դեպքերում ասպիրինը նշանակվում է սովորականից ավելի ցածր դոզաներով: Ինդոմետացինը կարող է օգտակար լինել Համակարգայի Յուվենիլ Իդիոպաթիկ Արթրիտով երեխաների մոտ ջերմությունը կարգավորելու դեպքում:
ՈՍՀԲ դեղերը կարող են օգտագործվել բոլոր մանկական ռևմատիկ հիվանդությունների ժամանակ:
Հետևեք մեր հրապարակումներին և ծանոթացեք Յուվենիլ արթրիտի բուժման մեջ կիրառվող դեղերին, ինչպես նաև վերականգնողական միջոցառումներին։