06/05/2022 18:00
Հասարակական վայրերում կրծքով կերակրման սենյակների բացակայությունը՝ լուրջ անհարմարություն ԿԿ մայրիկների համար
Aysor.am-ի թղթակիցը կրծքով կերակրման խորհրդատու Անուշ Սաքանյանի հետ զրուցել է հասարական վայրերում կերակրման համար առանձնացված սենյակների բացակայության մասին։
Վերջինիս խոսքով, խնդիրը խիստ արդիական է, սակայն քիչ չեն նաև բարյացկամ տնտեսվարողները, որոնք ըմբռնումով են մոտենում հարցին և իրենց սրճարանի կամ ռեստորանի հաճախորդ կերակրող մայրիկին թույլ են տալիս ԿԿ պրոցեսը կազմակերպել ընդհուպ տնօրենի աշխատասենյակում։
«Երբ մոտենում և հարցնում ես՝ որտե՞ղ կարելի է երեխային կերակրել, անձնակազմը համապատասխան տեղ է առաջարկում։ Բայց, իհարկե, շատ լավ կլիներ, եթե ժամանցային բոլոր վայրերում հարմարավետ բազկաթոռով փոքրիկ սենյակներ լինեին՝ նախատեսված հատուկ կրծքով կերակրման համար։
Մոլերում առանձնացված, շատ լավ կահավորված ԿԿ սենյակներ կան. կարելի է նրանցից օրինակ վերցնել և նման սենյակներ նաև մեծ սրճարաններում, զբոսայգիներում կառուցել»,- ասաց Անուշ Սաքանյանը։
ԿԿ խորհրդատուի խոսքով՝ պակաս կարևոր չէ նաև շրջապատի արձագանքը։ Ըստ նրա՝ քաղաքացիները պետք է այնքան զարգացած և առաջադեմ լինեն, որ, օրինակ, այգում մատով ցույց չտան կամ սևեռուն հայացքով չնայեն կերակրող մայրիկին։
«Եթե մարդիկ նորմալ վերաբերեն, ԿԿ մայրիկները կկարողանան հասարակական բոլոր վայրերում շալով ծածկվելով կազմակերպել կերկրման պրոցեսը։
Պակաս կարևոր չէ նաև հայկական ամոթխած մենթալիտետը. կերակրող մայրիկները հաճախ իրենք են կաշկանդվում, մտածելով՝ թեկուզ շալով ծածկված՝ այգում ինչպե՞ս կերակրեմ երեխայիս», - ասաց մեր զրուցակիցը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։