06/05/2022 17:00
Սառը ձեռքեր և ոտքեր. օրգանիզմի առանձնահատկությու՞ն, թե՞ հիվանդությունների ազդանշան
Կան մարդիկ, որոնց վերջույթներն անգամ ամենատաք միջավայրում, շոգ եղանակին սառն են։ Խնդիրն ավելի հաճախ դրսևորվում է կանանց դեպքում (պայմանավորված կնոջ օրգանիզմի առանձնահատկությամբ՝ հորմոնալ ֆոնի մշտական փոփոխությամբ)։
1. Բարձրահասակ, նիհար, նվազ մարդիկ ևս հաճախ են ունենում սառը վերջույթների խնդիր։
2. Արտաքին ջերմաստիճանի հանդեպ հատկապես զգայուն են մինչև մեկ տարեկան երեխաները։
3. Սառը վերջույթների պատճառ կարող է լինել նաև խիստ սննդակարգը։ Օրգանիզմն էներգիա ստանում է սննդի միջոցով, ոչ բավարար կալորիաների դեպքում օրգանիզմն անկարող է բավարար ջերմաստիճան ապահովել։
4. Սառը վերջույթների պատճառ կարող է լինել նաև արյունամատակարարման խանգարումը՝ պայմանավորված անոթների կծկանքով, սթրեսով, ծխելով, ծանր զարդերի և հագուստի պատճառով։
5. Երկաթ պակասուրդային անեմիային բնորոշ է հեմոգլոբինի անբավարարությունը և հյուսվածքների թթվածնաքաղցը, այս դեպքում նվազում է ջերմատվությունը, որի հետևանքով սառչում են ձեռքերն ու ոտքերը։
6. Սառը դաստակների և ոտնաթաթերի պատճառ կարող է լինել նաև վեգետա-անոթային դիստոնիան։ Այն ախտանիշների խումբ է, որն առաջանում է սիմպաթիկ և պարասիմպաթիկ վեգետատիվ նյարդային համակարգի չկոորդինացված աշխատանքի հետևանքով։
7. Վահանաձև գեղձի հորմոնների (թիրոքսին) պակասը. հիպոթիրեոզի դեպքում օրգանիզմում բոլոր գործընթացները՝ այդ թվում ջերմափոխանակման, դանդաղում են։ Հիպոթերիոզի դեպքում դրսևորվում են նաև հոգնածություն, հիշողության վատթարացում, քաշի ավելցուկ, մաշկի չորություն։
8. Սառը ձեռքերն ու ոտքերը, ինչպես նաև արտահայտված քրտնարտադրությունը, թուլությունը, մարմի ցածր ջերմաստիճանը կարող են դրսևորվել զարկերակային ցածր ճնշման պատճառով։
9. Սրտանոթային անբավարարությունը, դրանով պայմանավորված նաև արյան շրջանառությունը ևս կարող են սառը վերջույթների պատճառ լինել։
10. Ողնաշարի դեգերատիվ-դիստրոֆիկ ախտահարումը (օստեոխոնդրոզ) ևս կարող է պատճառ դառնալ արյան շրջանառության խանգարման, հետևաբար նաև սառը վերջույթների։
Մշտական սառը վերջույթների խնդրի դեպքում կարևոր են արյան մեջ շաքարի մակարդակի, ինչպես նաև վահանաձև գեղձի հորմոնների հետազոտությունները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։