06/05/2022 18:30
Սննդատեսակներ, որոնց օգտագործումն առավոտյան կարող է հանգեցնել ստամոքսում խնդիրների. մանրամասնում է սննդաբանը
Մթերքների մեծ մասը, որոնք մենք սովոր ենք ուտել առավոտյան, իրականում կարող են շատ վնասակար լինել ստամոքսի համար. օրինակ՝ սպիտակ հացը բարձրացնում է արյան շաքարը, իսկ խաշած ձուն և բեկոնը չափազանց բարձր են կալորիականությամբ: Նմանատիպ դժվարամարս նախաճաշը ստամոքսում կարող է առաջացնել մի շարք խնդիրներ։
Ինչպիսի մթերքներից պետք է հրաժարվել արթնանալուց հետո և ինչպիսին պետք է լինի ճիշտ նախաճաշը, Aysor.am-ի հետ զրույցում բացատրում է սննդաբան Ռուզաննա Իսկանդարյանը։
«Առաջին կերակուրը շատ կարևոր է, քանի որ դրանով մենք ստանում ենք անհրաժեշտ քանակությամբ էներգիա, որը պետք է բավարարի օրվա առաջին կեսին։ Ոմանք անտեսում են այն, ինչը հետագայում կարող է առողջական տարբեր խնդիրների պատճառ դառնալ», - ասաց սննդաբանը։
Սպիտակ հացը կտրուկ բարձրացնում է արյան շաքարը, բայց հետո նույնքան կտրուկ «իջեցնում» է այն։ Նման ցատկերը հոգնածության զգացում են առաջացնում և մարդուն արագ զրկում էներգիայից։ Այդպիսի նախաճաշը հիմնական սննդային արժեք չի պարունակում, իսկ դրանից հետո սովի զգացումը երկար սպասեցնել չի տալիս։
Երշիկով, կամ բեկոնով և ձվով նախաճաշը չափազանց կալորիական կլինի մեր ստամոքսի համար, որը դեռ նոր է սկսում աշխատել առավոտյան։ Բացի այդ, տապակած ձուն և բեկոնը պարունակում են վնասակար հագեցած ճարպեր, որոնք ճնշում են մարսողական համակարգը և կարող են գաստրիտ առաջացնել: Արդյունաբերական արտադրության բեկոնն ու երշիկը համարվում են վերամշակված միս, և դրանց ամենօրյա օգտագործումը մեծացնում է խնդիրների առաջացման վտանգը ուղիղ աղիքում, ենթաստամոքսագեղձում և շագանակագեղձում։
Սննդաբանը խորհուրդ է տալիս առավոտյան հրաժարվել այդպիսի սննդից և ճաշացանկում հնարավորինս քիչ ներառել վերամշակված սնունդ։ Ինչ վերաբերում է ձվին, ապա դա հիանալի են օրը սկսելու համար. կարող է լինել պինդ, կամ թույլ խաշած, նաև ձվածեղի տեսքով։
«Նախաճաշի պատրաստի հացահատիկները, ինչպիսիք են մյուսլին կամ գրանոլան, նույնպես չի կարելի ուտել դատարկ ստամոքսին: Դրանք պարունակում են շաքար և վերամշակված մրգերի ու հատապտուղների կտորներ, որոնք արագ ածխաջրեր են և չեն նպաստի օրվա էներգիային։ Սովի զգացումը արագ կվերադառնա, իսկ էներգիան՝ ոչ։ Նման կերակուրը կարելի է համեմատաբար առողջարար պատրաստել, եթե ավելացնեք կաթնաշոռ և թթվասեր՝ առանց մրգերի, շաքարավազի և համային հավելումների», - մանրամասնեց մասնագետը։
Սոված ստամոքսին հյութ խմելը նույնպես առողջարար չէ։ Փաթեթավորված հյութերը պարունակում են մեծ քանակությամբ շաքար, այս ըմպելիքի ամենօրյա օգտագործումը կարող է հանգեցնել գիրության և օրգանիզմում նյութափոխանակության խանգարումների։
Օգտակար խորհուրդ սննդաբանից՝ եթե հյութեր եք սիրում, ապա փորձեք դրանց մեջ ջուր ավելացնել՝ բաժակի 50%-ը ջուր, 50%-ը՝ հյութ։ Այս մեթոդը կօգնի նվազեցնել մարսողական համակարգի բեռը։
Ցիտրուսային մրգեր (այդ թվում՝ թարմ քամած հյութեր), սառը և գազավորված ըմպելիքներ, սուրճ (կարելի է խմել միայն ուտելուց հետո), սխտոր, համեմունքներ, քաղցրավենիք, բանան, խմորեղեն և լոլիկ. այս մթերքները, ըստ մասնագետի, չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին։ Դրանք կարող են առաջացնել ստամոքսի լորձաթաղանթի գրգռում, աղեստամոքսային տրակտի սպազմ, փքվածություն և բացասաբար ազդել մարսողության վրա օրվա ընթացքում։
Ամբողջական նախաճաշը պետք է պարունակի բջջանյութ, սպիտակուցներ, ածխաջրեր և ճարպեր։
Միայն այս դեպքում այն կհագեցվի էական վիտամիններով և միկրոտարրերով, կխթանի նյութափոխանակությունը և կօգնի պահպանել էներգիան ողջ օրվա ընթացքում։
Կատարյալ նախաճաշի համար կարելի է օգտագործել հավի կրծքամիս, կամ հնդկահավի միս համեմված կանաչիներով, ձու, ցածր յուղայնությամբ կաթնաշոռ, հունական մածուն, կաթ, հացահատիկի, կամ թեփի հաց, հնդկաձավար, շագանակագույն բրինձ, բանջարեղեն:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։