06/05/2022 14:30
Ադրբեջանական շարասյունը չի դադարեցրել, այլ շարունակել է ընթացքը. ՄԻՊ-ը ձորը գլորված մեքենայի վթարից մանրամասներ է հաղորդել
Մայիսի 5-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մարտակերտ-Դրմբոն ճանապարհի 24-րդ կմ-ում ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարը, դուրս գալով ճանապարհի հանդիպակաց հատված, կցորդիչով բախվել է արցախյան գրանցման «Ռենո Լոգան» տաքսի ծառայություններ մատուցող մեքենային, որի հետևանքով մեքենան 12 մետր գլորվել է ճանապարհի աջ հատվածում գտվող ձորը, այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Մեքենայի մեջ, բացի վարորդից, եղել է 2 ուղևոր։ Նախնական հետազոտության արդյունքում ուղևորները մարմնական վնասվածքներ չեն ստացել։ Նյութական վնաս է հասցվել տաքսի ծառայություն մատուցող ընկերությանը։
«ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերի հիման վրա այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել՝
• Ադրբեջանական բեռնատարը, տեսնելով հնարավոր բախումը, կարող էր դադարեցնել ընթացքը և թույլ չտալ բախումը, որի հետևանքով տաքսի մեքենան գլորվել է ձորը։
• Բախումից հետո, տեսնելով, որ տաքսի մեքենան գլորվել է ձորը, ադրբեջանական շարասյունը չի դադարեցրել, այլ շարունակել է ընթացքը։
• Տաքսու վարորդի և ուղևորների պնդմամբ տաքսու վարորդն ամեն կերպ փորձել է խուսափել բախումից, սակայն բախումից խուսափելու հնարավորություն այլևս չի ունեցել։
Դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացվում է ուսումնասիրություն, սակայն վերը նշված հանգամանքները փաստում են բախման և վնաս հասցնելու ակնհայտ դիտավորության մասին», - նշված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունում։