06/05/2022 18:40
Եկել է ստի վերջը․ Փաշինյանը պետք է հասկանա՝ որքան շուտ գնա, այնքան իր և բոլորիս համար ավելի լավ. Թագուհի Թովմասյան
Ընդդիմության գործողությունները չեն կարող պայմանավորված լինել որևէ մեկի հայտարարությամբ, և որևէ մեկի հայտարարությունը չի կարող կաշկանդիչ գործոն լինել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի գրառմանը, որ վարչապետի հրաժարական չի լինելու։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է գիտակցի, որ հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի՝ պետք է հեռանա։
«Նա պարտված ղեկավար է, և պարտված ղեկավարը շարունակում է մեզ տանել պարտության ճանապարհով։ Հանուն ՀՀ ապագա հաղթանակների՝ նա պետք է գնա, եթե իսկապես սիրում է մեր երկիրը»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ չորս տարվա ընթացքում Փաշինյանի բոլոր ստերը բացահայտվել են, և բոլորը գիտեն՝ ստի վերջն ինչ է։
«Հիմա եկել է ստի վերջը, և նա պետք է հասկանա, որ որքան շուտ գնա, այնքան իր և մեզ բոլորիս համար ավելի լավ։ Եթե կա պետական մտածողություն, այդ հեռացումը պետք է լինի օր առաջ, որպեսզի կարողանանք զարգանալ և գնալ հաղթանակի ճանապարհով. Փաշինյանը մեզ տանում է անվերջ պարտությունների ճանապարհով»,- ասաց նա։
Ամփոփելով՝ Թագուհի Թովմասյանը շեշտեց՝ բոլոր իշխանությունները հեռանալուց առաջ միշտ դիմադրում են։
Հիշեցնենք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ֆեյսբուքյան գրառում էր արել ու նշել․«Վարչապետի հրաժարականի մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի»։