06/05/2022 19:57
Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ․ Սոս Հակոբյան
Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանն իր խոսքն ուղղեց նրանց, ովքեր թեև մերժում են Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը, սակայն դեռևս չեն միացել պայքարին։
Սոս Հակոբյանը նշեց՝ հայրենիքի ճակատագրով մտահոգված են բոլորը, բայց անգործության մատնվելն անթույլատրելի է այն պայմաններում և իրավիճակում, որոնք ստեղծվել են Հայաստանում և Արցախում ։
«Անգործության հետևանքն աղետն է, անգործության հետևանքով հնարավորություն ենք տալիս Նիկոլ Փաշինյանին՝ մեր փոխարեն կայացնել որոշումներ մեր երկրի ապագայի համար»,- ասաց նա։
Լուծումը, «Հայրենիք» կուսակցության ներկայացուցչի խոսքով, պայքարին միանալն է, չսպասելը, թե «երբ գետն ափերից դուրս կգա և կվարարի»։
«Եթե խնդիր ես տեսնում, շտկիր գետի հունը, խնդիրները վերածիր արդյունքի։ Արի՛ այստեղ՝ քո պահանջով»,- ընդգծեց նա։
Սոս Հակոբյանը դիմեց նաև 2018 թվականի հեղափոխության շարժմանը մասնակցածներին՝ հիշեցնելով, որ նրանք ավելի զարգացող ու ավելի լավ Հայաստանի համար էին դուրս եկել փողոց։
«Գաղափարի համար էիք պայքարում։ Ի՞նչ արեցին սրանք․ այդ գաղափարը կոտրեցին, տվեցին պատերով, իրենց կեղտոտ ոտքերը մաքրեցին այդ գաղափարի վրա։ Մենք ուզում էինք ավելի լավ Հայաստան, բայց այսօր Հայաստանի գոյության խնդիր ունենք։ Եթե կրկին ուզում եք լավ Հայաստան, եկեք այստեղ՝ սկզբից լուծենք Հայաստանի լինելիության խնդիրը, հետո իրար հետ, միասին գնալու ենք ավելի լավ Հայաստանի հետևից»,- կոչ արեց Սոս Հակոբյանը։
Նա հավելեց՝ պայքարը պահանջատիրոջ իրավունքով է պետք տանել։
«Որովհետև կա մեկ ճշմարտություն՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ։ Ասեմ ավելին․ միայն ընդդիմություննն էլ Հայաստան չէ, միայն այս հարթակն էլ Հայաստան չէ։ Նայեք ինքներդ ձեզ, նայեք իրար ու ասեք՝ Հայաստանը ե՛ս եմ։ Հայաստանը դու՛ ես»,- դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ասաց Սոս Հակոբյանը։