06/05/2022 20:26
Դուք բանակի անունից խոսելու բարոյական իրավունք չունեք, դուք բանակը չեք ներկայացնում․ փախչողներին գնացեք, ձեր շրջապատում փնտրեք․ Տիգրան Աբրահամյան
Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Արցախի նախկին նախաագահ Բակո Սահակյանի խորհրդական, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն արձագանքեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե բողոքի ակցիաներին մասնակցող երիտասարդների «մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է», նրանց տվյալները պետք է հավաքագրել՝ «բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու համար»։
«Պարզվում է՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը հանձնարարություններ է տվել ոստիկանությանը, Պաշտպանության նախարարությանը՝ ստուգելու, թե այստեղ հավաքված մարդիկ արդյոք խուսափե՞լ են զինվորական ծառայությունից, եռմայս հավաքներին մասնակցությունից։
Ես ուզում եմ մեր բոլորի անունից այստեղից ասել՝ փախչողներին գնացեք, ձեր շրջապատում փնտրեք»,- շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
Նա հավելեց՝ այսօրվա իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ պայքարի դուրս եկածներն այն մարդիկ են, ում համար բանակը սրբություն է։
«Այս մարդիկ չեն հասկանում, որ ԶՈՒ-ում ծառայությունը, հայրենիքի պաշտպանության գործում մասնակցությունը պատիվ է և բոլորիս արժանապատվության հարցն է։
Այս մարդիկ բանակն ընկալում են որպես մահակ․ եռամսյա հավաքները, ԶՈՒ-ում ծառայությունն ընդունում են որպես սպառնալիք, շանտաժ։
Դա ձե՛ր ընկալումն է, ձե՛ր էությունն է։ Մեզ համար բանակը սրբություն է, մեզ համար հայրենիքի պաշտպանությունը սրբազան գործ է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե «Արցախի խնդիրը Երևանում չէ, որ պետք է կարգավորում ստանա»։
«Ասում են՝ Արցախի հարցը գնացեք, Արցախում լուծեք։ Իմ անունից եմ ասում՝ 4 տարի աշխատել եմ Արցախում, 4 տարի ծառայել եմ Արցախում։ Այդ պահին համարել եմ, որ իմ ծառայությունն Արցախում է, գնացել եմ՝ Արցախում եմ արել։ Այս պահին Արցախի հարցը լուծվում է Երևանում։ Դրա համար մենք հավաքվել ենք ու այդ հարցը լուծելու ենք այստեղ։ Ականջներիդ օ՛ղ արեք»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Գործող իշխանությունը բանակի հետ կապ չունի․ բանակի հետ կապ ունեն այն ստեղծողներն ու պահողները, նշեց նա։
«Դուք բանակի անունից խոսելու բարոյական իրավունք չունեք։ Դուք բանակը չեք ներկայացնում։ Բանակն այստեղ հավաքված մարդիկ են ներկայացնում։ Բանակը կազմավորած, դրա հիմքերում կանգնած , կայացրած, տարբեր փուլերում ծառայություն անցած, բանակի համար իրենց ամեն ինչը դրած մարդիկ են ներկայացնում։ Դուք բանակի հետ ոչ մի կապ չունեք՝ ընդհանրապես։
Ցանկացած պարագայում մենք՝ այստեղ հավաքված մարդիկ և շատ-շատերը, եկել ենք այստեղից ասելու, որ մենք բանակի կողքին ենք։
Մենք ամեն ինչ անելու ենք բանակի համար, մենք վերականգնելու ենք բանակը, չենք թողնելու՝ այսպես մնա։
Գալու է ժամանակը, որ այն, ինչի մասին այստեղ խոսում ենք, առարկայորեն անելու ենք»,- հայտարարեց Տիգրան Աբրահամյանը։