06/05/2022 09:39
«Ժողովուրդ». Մեկ տարվա ընթացքում մշտական բնակչության թվաքանակը պակասել է 2300-ով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին պակասել է ոչ միայն ծնվածների, այլև` մշտական բնակչության թվաքանակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում եթե 2020 թվականի հունվար և մարտ ամիսներին ծնվածների թիվը կազմել է 7483, 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 8618, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն պակասել է՝ դառնալով 8098:
Մշտական բնակչության թվաքանակը այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 961 հազար 600 մարդ, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 963 հազար 900 մարդ. մեկ տարվա ընթացքում մշտական բնակչության թվաքանակը պակասել է 2300-ով: Բացի այս, պակասել է նաև մեռելածինների թիվը՝ մեկ տարվա ընթացքում 124-ից հասնելով 96-ի»։