06/05/2022 17:12
ՖԻՖԱ-ում քննարկում են ֆուտբոլային հանդիպումների տևողությունը 60 րոպե դարձնելու հարցը
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների խորհուրդը (IFAB) քննարկում են ֆուտբոլային հանդիպումների տևողությունը 90-ից 60 րոպե դարձնելու հարցը, Daily Mail-ի իր սյունյակում գրել է անգլիացի նախկին մրցավար Մարկ Կլատտենբուրգը։
Ենթադրվում է, որ խաղի ժամանակ հայտարարված դադարներին վայրկենաչափը կկանգնեցնեն, ինչպես ընդունված է, օրինակ, հոկեյում կամ բասկետբոլում։
Կլատտենբուրգը սրա հիմնական պատճառ է համարում պարտված թիմերից հնչող դժգոհությունները՝ որպես փոխհատուցվող ժամանակ, իրենց չհիմնավորված կերպով քիչ րոպեներ հատկացնելու համար։ Ամենաթարմ օրինակն, ըստ նրա, Չեմպիոնների լիգայի պատասխան կիսաեզրափակչում «Ռեալին» պարտված «Մանչեսթեր Սիթիինն» է՝ անգլիական ակումբը հանդիմանել էր մրցավարին, որ նա, որպես փոխհատուցում, ընդամենը 3 րոպե էր տրամադրել․ թիմին ընդամենը մեկ գոլ էր պակասել՝ խաղի ելքը «փրկելու» համար։
Խաղաժամանակը կրճատելու որոշումն ընդունվելու դեպքում, ըստ նախկին մրցավարի, նմանատիպ խնդիրները կկարգավորվեն, հակասություններ չեն առաջանա, քանի որ յուրաքանչյուր խաղ միևնույն տևողությունը կունենա։