07/05/2022 19:30
Ցերեկային երկարատև քունը հակացուցված է դեպրեսիա ունեցող մարդկանց
Քունը մարդու կյանքի որակի, առողջության հիմնական երաշխավորն է։ Ոչ բավարար քունը պատճառ է դառնում կորտիզոլի արտադրության խաթարման։ Այս հորմոնը պատասխանատու է սթրեսակայունության, նյութափոխանակության, զարկերակային ճնշման կառավարման համար։ Ոչ բավարար քունը կարող է հանգեցնել օրգանիզմի ֆունկցիոնալության նվազման, դեպրեսիայի, սրտանոթային խնդիրների առաջացման։
Քնի ավելցուկը ևս վտանգավոր է օրգանիզմի համար։ Ցերեկային երկարատև քունը հակացուցված է դեպրեսիա ունեցող մարդկանց։ Ցերեկային քունը կարող է խաթարել մարդու կենսագործունեության ռիթմերը (բիոռիթմեր), ինչն արտահայտվում է հոգնածության, թուլության, անհանգստության զգացումներով, մինչդեռ կարճատև ցերեկային քունը (20-ից 30 րոպե) առույգացնում է, բարելավում օրգանիզմի ֆունկցիոնալությունը։
Քնելու ճիշտ ժամը
Օրգանիզմը մելատոնին (կենսառիթմերը կարգավորող, «քնի» հորմոն) արտադրում է ժամը 22։00-ից մինչև լուսաբացի 5-ը։ Սա ընդունված է համարել ամենաարդյունավետ ժամանակահատվածը առողջ քնի համար։
Բուերը և արտույտները
«Արտույտ մարդիկ» ինքնուրույն և հեշտորեն արթնանում են վաղ առավոտյան (6-7), հակված են նախաճաշելու, առավել ակտիվ են օրվա առաջին կեսին, քնում են կեսգիշերից շուտ։
«Բու մարդիկ» հակառակ նախընտրություններն ունեն։ Արթնանում են ոչ վաղ առավոտյան՝ 9-ին 10-ին, առավել կենսունակ են երեկոյան ժամերին, քնում են կեսգիշերից հետո։
Բուերը, որ ողջ կյանքում պարտադրաբար արթնացել են առավոտյան վաղ, ունեն ավելի փխրուն, խոցելի հոգեկան առողջություն։
Լույսը և քունը
Լուսավորությունը հիմնական գործոններից է ցիրկադյան (կենսառիթմերի) կարգավորման համար։ Որքան վառ է լույսը, այնքան առատ է սերոտոնինի արտադրությունը, հետևաբար այնքան ակտիվ, առույգ է մարդը։ Քնելուց մեկ ժամ առաջ ցանկալի է անջատել տան լուսավորությունը, թողնել թույլ լուսավորող լամպերը, չօգտվել էլեկտրոնային սարքավորումներից, որ կապույտ լույս են արձակում։
Հեշտ քնելուն կօգնեն ոչ ակտիվ, հավասարակշռված շնչառական վարժությունները, հատկապես պարանոցի, ուսերի մկանները թուլացնելը
Քնաբեր դեղորայքը որպես կանոն առաջացնում է կախվածություն։ Դրանց պարբերական օգտագործման դեպքում օրգանիզմն ընտելանում է դեղաչափին, խնդիր է առաջանում անընդհատ մեծացնելու չափաբաժինը. սա կարող է բացասաբար ազդել սրտի աշխատանքին։
Քնի խաթարումներ հաճախ առաջանում են ժամային գոտու տարբերությունների պատճառով
Կարճատև ճամփորդության դեպքում օրգանիզմը խնդիր չունի ամբսղջովին փոխելու կենսառիթմերը, ռեժիմը։ Երկարատև ճամփորդության դեպքում պետք է օգնել օրգանիզմին ոչ կտրուկ, աստիճանաբար ընտելանալու նոր ռիթմին։ Եթե թռիչքը ցերեկն է եղել, չարժե քնել մինչև երեկո, որքան էլ որ մեծ լինի ցանկությունը, եթե գիշերային թռիչք է, անպայման պետք է քնել թռիչքից հետո, եթե անգամ բացակայում է ցանկությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։