07/05/2022 19:00
Նորածինների արցունքահոսություն. առաջացման պատճառները, բուժումը
Նորածինների քթաարցունքային խողովակի անանցանելիությունն արտահայտվում է արցունքապարկի բորբոքմամբ (դակրիոցիստիտ)։ Քթաարցունքային խողովակը գտնվում է կոպի միջային անկյան և քթի միջև: Հազվադեպ ախտաբանություն է, երբ խանգարվում է արցունքի բնականոն անցումը դեպի քթի խոռոչ և արցունքն անընդհատ հոսում է աչքից դուրս։
Պտղի ներարգանդային զարգացման շրջանում արցունքային ուղիները լցված են գելանման, դոնդողանման զանգվածով, իսկ խողովակի մուտքը ծածկված է թաղանթով։ Ծնվելու պահին այն անհետանում կամ պատռվում է երեխայի առաջին ներշնչումից հետո։ Շատ նորածինների դեպքում կյանքի 14-րդ օրը դոնդողանման զանգվածն ինքնուրույն ներծծվում է, բորբոքումը նվազում է, հիվանդությունն անցնում է։ Բայց միշտ չէ, որ ելքն այդպիսինն է։ Որոշ դեպքերում կարիք է առաջանում ակնաբույժի միջամտության՝ կատարելու նորածնի արցունքային խողովակի լվացում։
Արցունքապարկի բորբոքման գործոններից ակնաբույժներն առանձնացնում են՝
• Արցունքապարկի խոշոր ծալքերը, բայց դա բնածին գործոն է, որը խոչընդոտում է արտազատուկի ելքը։
• Դիմային տրավմաները (քթի, ուռուցքի վիրահատություն)։
Ակնաբույժին դիմելու պատճառ են արցունքի կանգը, թարախային արտածորումը աչքից, որը դիտվում է երեխայի ծննդյան օրվա 8-10-րդ օրը (քթաարցունքային խողովակի շրջանում սեղմելիս թարախ է դուրս գալիս)։ Հիվանդության ախտանիշներից է նաև արցունքահոսությունը. արտազատուկը կարող է լինել լորձային։
Խնդիրը կարող է դրսևորվել ինչպես մեկ, այնպես էլ երկու աչքի դեպքում (առավել հաճախ մեկ աչքում է դրսևորվում)։ Համապաստասխան կաթիլներ օգտագործելուց հետո որոշ ժամանակ խնդիրը կարող է չդրսևորվել, բայց դադարից հետո նորից արտահայտվում է։
Դակրիոցիստիտի լրջագույն բարդացում է համարվում արցունքապարկի բորբոքումը, որն արտահայտվում է՝
• Ցավով, արցունքապարկի շուրջ կարմրությամբ։ Երեխան անհանգիստ է, աչքին դիպչելիս ունենում է ցավի զգացում։
• Այտուցով, որ տարածվում է հարակնակապճային հատվածում։
• Մարմնի ջերմաստիճանի բարձրացումը ևս արցունքային ծորանի փակ լինելու նշաններից է։
Կարևոր է ակնաբույժի դիմել՝ հասկանալու, որոշելու բուժման տարբերակը։ Դակրոցիստիտը չբուժելը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ աչքի եղջերաթաղաթնի համար։ Որպես հետևանք կարող են առաջանալ թարախային խոցեր։ Այնպես որ կարևոր է առանց հապաղելու ակնաբույժին դիմել, խստորեն հետևել բժշկի ցուցումներին։ Եթե նորածնի արցունքային խողովակը խցանված է և բուժումը շուտ է սկսվում, ապա հնարավոր է միայն մերսումների և կաթիլների միջոցով հաղթահարել խնդիրը։ Այդպես լինում է 65 տոկոս դեպքերում։ Մյուս բոլոր դեպքերում բուժման համար պահանջվում է վիրահատական միջամտություն՝ քթաարցունքային խողովակի զոնդավորում։
Հիվանդության ախտորոշումը սկսվում է փոքրիկ այցելուի զննումով, անհրաժեշտության դեպքում արտազատուկի ցանքս (մանրԷաբանական հետազոտություն) է կատարվում, որպեսզի որոշվի մանրէի տեսակը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։