07/05/2022 19:15
Կպչուն մտքեր. առաջացման պատճառները, բուժումը
Օբսեսիվ-կոմպուլսիվ (կպչուն-սևեռուն) խանգարումը բնորոշվում է անընդհատ կրկնվող տհաճ մտքերով և դրանցից բխող գործողություններ կատարելու մղումներով։ Կոմպուլսիաները «արարողակարգեր» են, որ հաճախ ուղղակիորեն չեն առնչվում կպչուն մտքերի բովանդակությանը, բայց միտված են դրանցից բխող տագնապների նվազեցմանը։
Խանգարման ախտանշանները՝
• Մարդն ի զորու չէ կառավարել կպչուն մտքերը, դրանք առաջանում են կամքից անկախ։
• Սևեռուն մտքերը հնարավոր չէ հաղթահարել կամքի ուժով։
• Խանգարումն ուղեկցվում է ինտենսիվ տագնապներով, նյարդայնությամբ։
• Սովորաբար գիտակցությունը չի մթագնում, քննադատական ունակությունները ևս։
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ ունեցող մարդկանց բարդ չէ բացատրել, որ իրենց մտքերը որևէ հիմնավորում չունեն, բայց դա խնդրից ազատվելուն չի օգնում։
Որպես կանոն կպչուն մտքերը հաճելի չեն, անհանգստացնող են, մեծ է դրանցից փախչելու, ազատվելու ցանկությունը։
Կպչուն մտքերի տարածված դրսևորումներ են՝ կեղտոտվելու, հիվանդանալու վախը, կանոնակարգվածության, կոկիկության մշտական պահանջմունքը, կրոնական, սեքսուալ, ագրեսիվ մտքերը, որ հատուկ չեն մտածողին և ծագում են անկախ կամքից, բացասական մտքերը. մարդուն անդադար թվում է, թե իր հետ վատ բաներ են լինելու։
Օբսեսիվ-կոմպուլսիվ (կպչուն-սևեռուն) խանգարում ունեցող մարդիկ որպես կանոն անհիմն խուսափում են այս կամ այն օբյեկտներից, այս կամ այն գործողությունն անելուց։
Մշտական կպչուն մտքերն առաջացնում են անհարմարություն, կպչուն մտքերից ազատվելու ցանկությանը զուգահեռ հայտ է գալիս կոմպուլսիա (գիտակցությանը, կամքին հակառակ գործողություն կատարելու մղումներ)։ Դրանք հիմնականում զուգորդվում են վախերով՝ մի դեպքում գործողությունները կատարելու հետևանքների հանդեպ, մյուս դեպքում՝ մղումների առաջացման։ Կպչուն մտքերի՝ օբսեսիաների և գործողություններ անելու մղումների՝ կոմպուլսիաների միասին դրսևորվելը օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման առաջացման ախտանշան է։
Խանգարման ամենապարզ դրսևորումներից է, երբ մարդը կարող է դիպչել ասֆալտին կամ ծառին, որովհետև գլխում ունի նման հրահանգ և եթե չանի, որևէ վատ բան տեղի կունենա։
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման արդյունավետ բուժման համար կարևոր է ախտորոշումը։ Խանգարման առաջացման ամենատարածված գործոններն են՝
• գենետիկ նախատրամադրվածությունը
• հոգեբանական տրավմաները, սթրեսները
• զգայուն, փխրուն բնավորությունը
• գլխուղեղի ֆունկցիաների խաթարումը՝ օրգանական (օր՝. վնասվածք ) կամ կենսաքիմիական պատճառներով (հորմոնների ազդեցությամբ, նեյրոմեդիատորների դիսբալանս)։
Հաճախ կպչուն մտքեր ունեցողները վախենում են մասնագետի դիմել, զբաղվում են ինքնաբուժությամբ՝ օգտագործելով օրինակ ալկոհոլ, որը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլ նաև խորացնում է։
Օգտակար կարող է լինել վստահելի, մտերիմ մարդկանց հետ զրույցը, բայց առավել նախընտրելի է նմանատիպ խնդիրներ ունեցող մարդկանց հետ խմբակային թերապիայի մասնակցելը։
Բուժման համար օգտակար է նաև հիվանդությունն ուսումնասիրելը. սեփական խնդիրը լավ ճանաչելը վստահություն կհաղորդի հաղթահարման գործում։
Լավ քունը, ճիշտ սննդակարգը, ալկոհոլից հրաժարումը, բավարար ֆիզիկական ակտիվությունը ևս հիվանդության հաղթահարման «գործընկերներ» են։
Սթրեսային իրավիճակներից խուսափելը ևս օգտակար կլինի, կարծիքը, թե «էմոցիաների հրավառությունը» կօգնի ազատվել խնդրից, ճիշտ չէ, այն կարող է կարճ ժամանակով ճնշել կպչուն մտքերը, բայց որոշ ժամանակ անց նյարդային համակարգն առավել խոցելի է դառնում։
Կարևոր է նաև բնականոն առօրյան չխաթարելը, չի կարելի դադարեցնել ուսման գործընթացը կամ հրաժարվել աշխատանքի գնալ։
Ժամանակակից բժշկության շնորհիվ հնարավոր է լիարժեք բուժել խանգարումը։ Կարևոր է սինդրոմի դրսևորման նախնական փուլում մասնագետի դիմել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։