07/05/2022 14:55
Այս իշխանությունները, օր ավելի մնալով իրենց պաշտոններին, երկիրը տանում են ծայրահեղ վիճակի. Վանեցյան
«Դիմադրություն» շարժումը վաղը պայքարը կշարունակի Գյումրիում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Ըստ նրա՝ մարդիկ արթնացել են. ալիքը, որ սկսեց մայրաքաղաք Երևանից, տարածվել է ողջ Հայաստանով:
«Մենք վաղը լինելու ենք Գյումրիում, գնալու ենք այլ քաղաքներ, խոսելու ենք մեր քաղաքացիների հետ, որ այն շունչն ու ոգին, որ կա մայրաքաղաքում, փոխանցենք նաև մարզերում բնակվող մեր հայրենակիցներին», - ասաց Վանեցյանը:
«Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով՝ այս իշխանությունները, օր ավելի մնալով իրենց պաշտոններին, երկիրը տանում են ծայրահեղ վիճակի:
«Մարդկանց հետ պետք է խոսել, խնդիրն այն է, որ մարդկանց հետ չենք խոսել, արհեստական բաժանումներ են եղել՝ սպիտակներ, սևեր, նախկիններ, նորեր, բայց բոլորս հայ ենք ու ունենք մեկ հայրենիք ու բոլորս պարտավոր ենք անել ամեն ինչ, որ մեր հայրենիքում մարդիկ կարողանանան ապրել լավ ու անվտանգ», - նշեց Արթուր Վանեցյանը: