07/05/2022 12:06
Ազգակործան պատուհասին վռնդում են, որ նոր կործանում չբերի, ոչ թե բանակցում են նրա հետ. Շարմազանովը պատասխանում է Տեր-Պետրոսյանին
Մեր պայքարը համահայկական է, ողջ հայությունն իր խոսքը պետք է ասի, որ Հայաստանը թուրքի համար չդառնա «պրախադնոյ դվոր», Վանաձոր ավտոերթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ իրենց իշխանության ամենամեծ սխալն այն է եղել, որ չեն արձագանքել իրենց հասցեին ուղղված մեղադրանքներին. «Սրանք 20 տարի ինչ սուտ ասես հորինել են մեր մասին, բայց պատասխան չենք տվել։ Սա է մեր իշխանության ամենամեծ խնդիրը, սրա ամեն զառանցանքին պետք է պատասխան տայինք: Մենք ինչ ասում ենք, իրենք խոսում են թալանից։ Ալիևը պատերազմից հետո ասաց, որ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում 5 մլրդ դոլարի զենք-զինամթերք է վերցրել, կարողա՞ Նիկոլն իրա պապու տնից է բերել էդ զենքը, ինքը մի երկու ինքնաթիռ է բերել, այն էլ՝ առանց հրթիռների», - ընդգծեց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ նախկինների օրոք «Ալիևը կզած է եղել, պարտված է եղել»։
«Ալիևն է ասել՝ 30 տարի Հայաստանը հաղթած էր, Ադրբեջանը՝ պարտված, իրենց սիրելի կառուցողական Ալիևն է սա ասել», - ասաց Շարմազանովը:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանի հայտարարությանը, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը պետք է նստեն սեղանի շուրջ և բանակցեն, Շարմազանովը հիշեցրեց, որ առաջին նախագահը Նիկոլ Փաշինյանին ասում էր «ազգակործան պատուհաս»։
«Դրանից այն կողմ ոչ Քոչարյանը, ոչ էլ Սերժ Սարգսյանը ավելի վատ չեն բնորոշել, հիմա էլ ասում է՝ գնացեք իր հետ բանակցեք. ազգակործան պատուհասին վռնդում են, որ նոր կործանում չբերի, ոչ թե բանակցում են նրա հետ», - հայտարարեց ՀՀԿ խոսնակը։