07/05/2022 14:00
«Տեր ենք մեր հայրենիքին», «Ոտքի կանգնենք, որ մեր երեխաները խաղաղ երկրում մեծանան»․ Երևանում ընթանում է կանանց մասնակցությամբ խորհրդանշական երթը (Տեսանյութեր)
«Ոչ պատերազմին», «Ոչ Նիկոլին», «Տեր ենք մեր հայրենիքին», «Ոտքի կանգնենք, որ մեր երեխաները խաղաղ երկրում մեծանան»․ այսպիսի գրառումներով պաստառներով ու կոչերով մեկնարկեց կանանց մասնակցությամբ խորհրդանշական երթը։
Խորհրդարանական ընդդիմության կին պատգամավորների, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերի, քույրերի, պայքարի դուրս եկած կանանց մասնակցությամբ երթն անցավ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։
«Միացում, պայքար, հաղթանակ» կոչեր հնչեցնող կանայք նշեցին՝ ոտքի են ելել, որ Հայաստանն ու Արցախը լինեն, որ հաստատվի իրական խաղաղություն, կայունություն ու անվտանգություն։
«Մեզ ասում են, որ այստեղ հավաքվածները պատերազմ են ուզում։ Նայեք առաջին շարքերին, որտեղ զոհվածների մայրերն են։ Այս մայրերը զոհաբերել են իրենց ամենաթանկը։ Իշխանական պալատում նստածներին հացնում ենք՝ ո՞նց կարող են այս մարդիկ պատերազմ ուզել։ Այս մարդկանց միակ ուզածը խաղաղությունն ու անվտանգությունն է։ Այս մարդկանց միակ ուզածը կայունությունն է», - արձագանքելով իշխանական թևից հնչող գնահատականներին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։
Նրա խոսքով՝ այս մարդիկ հայրենք ունենալու կռիվ են անում, որ կարողանան մյուսներն իրենց երազանքներն իրականացնել։
Դիմելով իշխանությանը՝ ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց․
«Հեռացեք, որ հնարավոր լինի փրկել Արցախն ու Հայաստանը։
Թշնամին ուզում է, որ այս տարածքում ոչ մի հայ չմնա։ Խաղաղ Հայաստանում մեր երազանքներն իրականացնելու համար մեզ պետք է առանց Նիկոլ Հայաստան»։
Նրան նաև ծաղիկներ խոնարհեցին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վթարից մահացած հղի կնոջ դեպքի վայրում։
Կանանց մասնակցությամբ երթը հասավ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ։
Երթի մասնակիցները մեծ թիվ էին կազմում, ուստի օրհնության կարգը մատուցվեց հենց եկեղեցու բակում։
Հնչեց Տերունական աղոթքը, երթին մասնակցող կանայք իրենց սրտի խոսքն ուղղեցին առ Աստված։