07/05/2022 15:15
Հայ կանայք ցույց են տալիս՝ ինչ ուժ կա իրենց մեջ․ նրանք պատրաստ են պայքարել հայրենիքի համար, կերտել այն Հայաստանը, որտեղ բոլորս կապրենք ճիշտ արժեհամակարգով․ Էլիբեգովա
Ձեր տեսակն աննկարագրելի է։ Խոսքեր չունեմ, թե ինչ ուժ կա ձեր մեջ, դիմելով 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերի, քույրերի, հանուն հայրենիքի պայքարի դուրս եկած կանանց երթի մասնակիցներին՝ ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
«Մեզ ասում են, որ մենք խաղաղություն չենք ուզում։ Դա սուտ է։ Հայ կանայք հասկանում են, որ արժանապատիվ խաղաղության համար մենք պետք է լինենք ուժեղ։ Եվ այսօր այստեղ հայ կանայք ցույց են տալիս՝ ինչպիսի ուժ կա իրենց մեջ։ Նրանք պատրաստ են պայքարելու երկրի համար, ապագայի համար, իրենց երկրի անվտանգության համար», - ասաց նա։
Անժելա Էլիբեգովան շեշտեց՝ պայքարի դուրս եկած կանայք ցույց են տալիս՝ որն է հայ կնոջ իսկական տեսակը։
«Այս կանայք են դաստիարակում ապագա հերոսներին։ Նրանք պատրաստ են կերտել այն Հայաստանը, որտեղ բոլորս կապրենք ճիշտ արժեհամակարգով, որտեղ վստահ կլինենք, որ մենք անվտանգ ենք։
Տղամարդկանց հետ ուս ուսի, կողք կողքի կանգնած ենք այս պայքարում», - ասաց նա։