07/05/2022 14:41
Ինչո՞ւ ես թուրքին տվել այն հողը, որի ամեն միլիմետրում մեր երեխաների արյունն է․ եթե հողը նվիրելու էիր, մեր երեխաներին ինչո՞ւ ես տարել. զոհված զինծառայողի մայր (Տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերի, քույրերի, պայքարի դուրս եկած կանանց մասնակցությամբ երթի ընթացքում որդուն պատերազմում կորցրած կանանցից մեկն իր խոսքն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին։
«Մենք՝ մայրերս, այստեղ ենք հավաքվել, որ ձեզ դուրս կանչենք, Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան։ Դուրս եկեք, ինչի՞ց եք վախենում», - ասաց զոհված զինծառայողի մայրը։
Նա բոլոր որդեկորույս մայրերի անունից պատասխան պահանջեց Փաշինյանից՝ ինչո՞ւ է իրենց որդիներին զոհել ու այն հողը, որի համար նրանք իրենց կյանքն են տվել, նվիրել թշնամուն։
«Մեր որդիներին դու զոհասեղանին ես դրել։ Դուրս արի ու մեզ պատասխան տուր, մեր աչքերի մեջ նայելով՝ ասա, թե ինչո՞ւ մեզ զրկեցիր մեր բալեքին գրկելուց։ Ինչո՞ւ զրկեցիր այդ կանանց, այդ մայրերին, քույրերին իրենց թիկունքներից։
Եթե դու վախկոտ չես, եթե «դուխով» ես, դուրս արի։ Չէ՞ որ դու «դուխով» ես եկել։ Քո ճակատին գրած «դուխով» ես եկել դու։ Եթե իրոք «դուխով» ես, դուրս արի, մեզ պատասխանի։
Իսկ դու, Աննա, դու մայր ես։ Դե դուրս արի, իմ ցավը կիսիր։ Դուրս արի, ասա՝ ո՞նց ես չսգամ, որ դու ասում ես՝ մի՛ սգացեք, ապրեք։
Դուրս արի ու ասա՝ եթե դու մեր երեխաներին տարել ես, ապա հողս ինչո՞ւ ես նվիրել։ Ինչո՞ւ ես տվել թուրքին այն հողը, որի ամեն միլիմետրում մեր երեխաների արյունն է։ Եթե հողը նվիրելու էիր, ապա մեր երեխաներին ինչո՞ւ ես տարել։ Բոլոր մայրերն էլ նույն բանն են ուզում քեզանից իմանալ։
Եթե մի հոգի էլ մնամ, միևնույն է, քեզ դավաճան եմ համարելու․ հայրենիքի դավաճան եմ համարելու», - ասաց զոհվածի մայրը։