07/05/2022 09:39
«Ժողովուրդ». Բարձր գնաճ է նկատվում Հայաստանի սպառողական շուկայում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի սպառողական շուկայում գնաճը ապրիլին, մարտի համեմատ, կազմել է 2.3 տոկոս: Հանրապետության բոլոր քաղաքներում ապրիլին, մարտի համեմատ, սպառողական գներն աճել են 1.9-2.5 տոկոսով, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում:
Երևանում սպառողական գներն աճել են 2.4 տոկոսով: Այս ապրիլին, մարտի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. ապրիլին, մարտի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 3.8-4.8%-ով: Բարձր գնաճ արձանագրվել է Իջևան և Կապան քաղաքներում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 3.8%-ով: Հացն է թանկացել:
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ ապրիլին, մարտի համեմատ, հացի գինը բարձրացել է 1.7 տոկոսով: Ալյուրը թանկացել է 2.9 տոկոսով, իսկ մակարոնեղենը՝ 7.3%-ով: Հաճարի, բրնձի, ոսպի և հնդկացորենի գները ապրիլին, մարտի համեմատ, բարձրացել են, օրինակ՝ բրնձի գինը բարձրացել է 2.7 տոկոսով: Կաթնամթերքի շուկայում ևս գնաճ է արձանագրվել. պանրի գինը բարձրացել է 2.7 տոկոսով, թթվասերը թանկացել է 4.1 տոկոսով, մածունը՝ 9.8%-ով:»։