07/05/2022 14:18
Եթե սրանք շարունակեն մնալ իշխանության, կորցնելու ենք Արցախը, Սյունիքը, հետո մտածելու ենք Գեղարքունիքի մասին. Իշխան Սաղաթելյան
Վանաձորում հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին զգուշացրեց, որ հավաքի սադրիչներին:
«Լակոտություններին վերջ տվեք, ձեզ քիչ ժամանակ է մնացել, մանր-մունր բաներով ժողովրդի շարժումը չեք կասեցնի», - հայտարարեց Սաղաթելյանը:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ միայն նրա համար, որ Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «չի կզել» այս իշխանությունների դիմաց, գտնվում է բանտում:
«Այս քաղաքն անտեր վիճակում է գտնվում, սա է այս իշխանության դեմքը: Օր առաջ պետք է հեռացնել սրանց», - նշեց նա:
Սաղաթելյանն ասաց, թե Վանաձորը, ՀՀ բոլոր քաղաքներն ու գյուղերը պետք է ոտքի կանգնեն, որ կարողանան հեռացնել իշխանություններին ու երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերեն:
«Եթե սրանք շարունակեն մնալ իշխանության, կորցնելու ենք ամեն ինչ, կորցնելու ենք Արցախը, Սյունիքը, հետո մտածելու ենք Գեղարքունիքի մասին, առհասարակ, մեր պետականության գոյությունը լինելու է հարցականի տակ», - ընդգծեց ընդդիմադիր քաղաքական գործիչը: