09/05/2022 16:45
Խորհուրդներ՝ դեռահասության շրջանի խնդիրները հաղթահարելու համար
Դեռահասության շրջանն ամենապատասխանատուներից է. օրգանիզմում տեղի են ունենում բիոլոգիական և հոգեբանական կտրուկ փոփոխություններ։
Բարդույթներ են ձևավորվում հասակի փոփոխությամբ պայմանավորված. ոմանք կաշկանդվում են սեփական հասակից՝ տարեկիցներից տարբերվելու պատճառով։ Աղջնակներին կաշկանդում է կազմվածքի փոփոխությունը, քաշի ավելացումը։ Ի վերջո, օրգանիզմում ցանկացած փոփոխություն տագնապ է առաջացնում։ Դեռահասներին բնորոշ է տարեկիցների հետ անընդհատ համեմատությունները, որ ուղեկցվում են նյարդայնությամբ, շարժուձևի, հագուստի, սանրվածքի փնտրտուքներով։
Դեռահասները, որպես կանոն, խիստ զգայուն են դառնում արտաքին ազդակների հանդեպ, արտահայտվում է նյարդայնությամբ, էմոցիոնալ անկայունությամբ, դյուրագրգռությամբ։
Սեռական հասունությունն ուղեկցվում է հակառակ սեռի հանդեպ էմոցիոնալ հետաքրքրության մեծացմամբ։
Ֆիզիկական, արտաքին կտրուկ փոփոխությունները դեռահասին ստիպում են վերանայել, վերաձևակերպել սոցիալական դերը. կտրուկ փոխվում են էմոցիաները, ընկալումները, նոր արժեքներ, նոր նպատակներ են ձևավորվում։ Դեռահասն ուզում է, որ իրեն ընկալեն իբրև մեծի, բայց փորձառություն, բավարար գիտելիքներ և հմտություններ չունենալը էմոցիոնալ անկայունություն է առաջացնում։
Անկայունության հետևանք է նաև փոփոխվող ինքնագնահատականը։ Այս տարիքում կարիք կա կարևորված, յուրահատուկ զգալու, բայց նաև հենց այս շրջանում է, որ դեռահասները բախվում են քննադատությունների՝ կարող էիր ավելի լավ սովորել, կարող էիր ավելի ինքնուրույն լինել։
Դեռահասներին օգնելու համար պետք է սովորեցնել հարգանքով և հոգատարությամբ վերաբերվել արտաքին և ներքին փոփոխություններին և վստահեցնել՝ բարդ շրջանն անպայման անցնելու է։
Դեռահասների հետ կոնֆլիկտների մեծ մասը պայմանավորված է մեծահասկաների՝ իրավիճակի ոչ ճիշտ գնահատմամբ։ Դեռահասների նյարդային համակարգն այդ շրջանում խիստ ծանրաբեռնված է, պետք է հարաբերություններում զգույշ լինել, որպեսզի նյարդային տրավմաները նևրոզի չվերածվեն, ինչպես նաև ուշադիր լինել, որ զարկերակային ճնշումը չբարձրանա դեռահասության շրջանում. այն հասունացման հետ կարող է վերածվել հիպերտոնիայի։
Կարևոր է, որ ծնողները ընկերային հարաբերություններ ստեղծեն երեխաների հետ. դեռահասը պետք է վստահի ծնողներին, բոլոր հարցերի պատասխանները փորձի գտնել հարազատներից։
Կարևոր է առօրյայի զբաղվածության ճիշտ բաշխումը. այս հարցում ևս ծնողների դերը մեծ է, դեռահասներն ինքնուրույն չեն կարող որոշել առաջնային զբաղմունքները, բայց կարևոր է, որ դա էլ արվի փոխադարձ համաձայնությամբ։
Մեծահասկաների ամենամեծ օգնությունը դեռահասներին ընտանիքում խաղաղ, դրական մթնոլորտ ապահովելն է. այդ շրջանում ներընտանեկան կոնֆլիկտներն անդառնալի հետևանքներ կարող են ունենալ դեռահասների ֆիզիոլոգիական և էմոցիոնալ առողջության համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։