09/05/2022 17:00
Լոլիկի օգտակար հատկությունները
Լոլիկը հարուստ է վիտամիններով, միներալներով, հակաօքսիդանտներով, պարունակում է բիոլոգիապես ակտիվ միացություններ. կարոտինոիդներ, պոլիֆենոլներ, մեծաքանակ վիտամին C:
Պոլիֆենոլները նվազեցնում են սրտանոթային, ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Վիտամին C-ն հզոր հակաօքսիդանտ է, որ ամրացնում է իմունային համակարգը։
Լոլիկում կա նաև՝
• վիտամին A
• վիտամին C
• վիտամին B2, B3
• մագնեզիում
• կալցիում
• յոդ
• ֆտոր
• ցինկ
• ֆոսֆոր
• պղինձ
Մեծաքանակ օգտակար և օրգանիզմի համար անհրաժեշտ տարրերի պարունակությամբ լոլիկն առանձնանում է ցածր կալորիականությամբ։ Լոլիկի առատ բջջանյութն էլ երկար ժամանակ հագեցնում է, զսպում սովի զգացումը։
Լիկոպինի առատ պարունակության շնորհիվ լոլիկն օրգանիզմը պաշտպանում է ազատ ռադիկալների ազդեցությունից, կանխում քաղցկեղի առաջացումը։ Որպես կանոն, որքան լոլիկը կարմիր է, այնքան ավելի հարուստ է լիկոպինով։ Արդյունավետ է նաև ռևմատիզմի, արթրիտի դեմ պայքարում։
Լոլիկը սննդակարգում նպաստում է՝
• Իմունիտետի ամրապնդմանը
• Սրտամկանի աշխատանքի արդյունավետությանը
• Նյութափոխանակության բարելավմանը
• Դեպրեսիայի հաղթահարմանը
• Զարկերային ճնշման կարգավորմանը
• Օրգանիզմը տոքսիններից ազատելուն
Լոլիկի հայրենիքն ընդունված է համարել Հարավային Ամերիկան։ Բույսի անունը (Zitomate) ծագում է ացտեկների լեզվից։
Բանջարեղենը Եվրոպա է բերվել 16-րդ դարի առաջին կեսին, սկզբնական շրջանում բույսն օգտագործվել է որպես դեկորատիվ մշակաբույս, 18-րդ դարից սկսած է ներառվել սննդակարգում։ Ցանկալի է լոլիկը պահել տնային ջերմաստիճանում՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու։
Լոլիկը սննդակարգում պետք է նվազագույնի հասցնեն կամ բացառեն խոց, գաստրիտ, երիկամային հիվանդություններ, ստամոքսի թթվայնության բարձրացում ունեցող մարդիկ։ Լոլիկ պետք է զգուշորեն օգտագործեն նաև ալերգիկ խնդիրներ ունեցողները։
Թրթնջակաթթվի բարձր պարունակությունը բացասաբար է ազդում միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցողների առողջությանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։