09/05/2022 11:06
Փաշինյանի դեմ զոհերի ծնողների բողոքը պետք է քննվի օբյեկտիվ և բազմակողմանի. Քյարամյան (Տեսանյութ)
Գործը դատախազությունից տեղափոխվել է Քննչական կոմիտե, ընդունվել է վարույթ, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողների ծնողների ներկայացրած բողոքին, որ իրենց որդիները տուժող ճանաչվեն, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ։
«Այժմ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ծանոթանում են գործին։ Պետք է ծանոթանանք, ըստ այդմ էլ գործի քննությունը կընթանա։ Այս պահի դրությամբ գործի հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, որովհետև նոր ենք ընդունել և դեռևս ծանոթացման փուլում է այն», - ասաց Քյարամյանը։
Լրագրողի հարցին, ճիշտ չէր, որ Փաշինյանի հայտարարության համար արդեն իսկ գործ հարուցեին և իրեն կանչեին հարցաքննության, ՔԿ նախագահը պատասխանեց.
«Որպես իրավաբան կարող եմ ասել, որ գործը պետք է քննվի օբյեկտիվ և բազմակողմանի։ Քննության ընթացքում պետք է պարզաբանվեն պարզաբանման ենթակա բոլոր հանգամանքները։ Այս պահին ավելի որիևէ բան չեմ կարող ասել»։