09/05/2022 18:21
Մենք դեռ շատ երկար պետք է աշխատենք, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ բան հետ բերել՝ գուցե դարեր. Ռազմական փորձագետ
Մենք դեռ շատ երկար պետք է աշխատենք, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ բան հետ բերել։ Դրա համար կարող է անգամ դարեր պահանջվեն, որովհետև այս կարգի կորուստները երկու-երեք տարում հետ չեն բերվում։ Ընդ որում՝ որևէ երաշխիք չկա, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի, բայց եթե ուզում ենք ապրել, պարզապես այլ տարբերակ չունենք, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչքան ժամանակ պետք կգա հայկական կողմին՝ Մայիսյան եռատոնը հետ բերելու համար։
«Այսօր ՀՀ օկուպացիոն իշխանության քայլերի պատճառով վտանգված է անգամ Հայաստանի գոյությունը, հայերի ներկայությունն այս տարածաշրջանում։ Ըստ այդմ՝ առաջին խնդիրը, որ պետք է լուծենք՝ անկախ ամեն ինչից, անվտանգության խնդիրն է․ այլ տարբերակ ուղղակի չունենք։
Մեզ փորձում են համոզել, որ եթե հրաժարվենք բանակից, ձեռքներս ծալած նստենք, մեզ հանգիստ կթողնեն։ Բայց դա ամենևին էլ այդպես չէ. քանի դեռ մեր տիրապետության տակ ինչ-որ ռեսուրս կա, մեզ ոչ ոք հանգիստ չի թողնելու։ Մեր թշնամին գործում է այս սկզբունքով, և մեզ ընդամենը հանգստացնում են, որպեսզի հնարավորինս հեշտ և արագ մեր ունեցածը խլեն մեզնից»,- ասաց ռազմական փորձագետը։
Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ խլողի դերակատարությունն այժմ ստանձնել են ՀՀ վարչապետը և նրա թիմակիցները։
«Այսինքն՝ այն գործը, որ թուրքերը պետք է դժվարությամբ անեին՝ մեզ խաբելով և համոզելով, հիմա մեծ խանդավառությամբ անում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց քանի դեռ ողջ ենք, պետք է պաքարենք»,- ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: