09/05/2022 19:14
Շուշին դիվանագիտական ճանապարհով վերադարձնելը ֆանտաստիկայի ժանրից է. վերադարձը հնարավոր է միայն պատերազմի միջոցով. Քաղաքագետ
Պետք է հասկանալ, որ Շուշիի վերադարձը հնարավոր է միայն պատերազմի միջոցով. այլ իրատեսական տարբերակներ պարզապես գոյություն չունեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Գևորգյանը՝ անդրադառնալով Մայիսյան եռատոնը կրկին լիարժեք դարձնելու հարցին։
«Եթե հանգամանքներն այնպես դասավորվեն, որ կրկին պատերազմ լինի, Հայաստանն ու Արցախը պետք է պատրաստ լինեն դրան։ Բայց չեմ կարծում, որ հայկական կողմը՝ կլինի ներկա, թե ապագա իշխանությունը, այդպիսի պատերազմ կնախաձեռնեն։ Այսինքն՝ ես բացառում եմ, որ հայկական կողմը նախահարձակ լինի։ Չեմ կարծում, որ ռազմական սցենարն իրատեսական է», - ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ պատերազմից հետո բանակում լուրջ բարեփոխումներ և գործնական աշխատանք չի իրականացվել, բարեփոխումներին միայն բանավոր մակարդակով են անդրադարձեր կատարվել։
Տիգրան Գևորգյանի խոսքով՝ Շուշին դիվանագիտական ճանապարհով վերադարձնելը ֆանտաստիկայի ժանրից է, ինչպես որ ֆանտաստիկայի ժանրից է Ադրբեջանի կողմից նույնիսկ փոքր որևէ բնակավայրի վերադարձը։
Ամփոփելով՝ քաղաքագետը շեշտեց՝ եթե նույնիսկ հայկական կողմը Շուշիի կամ այլ կորուսյալ տարածքների վերադարձի նպատակ չի դնում, ուժեղ բանակն անհրաժեշտ է անգամ «խաղաղության» օրակարգով առաջ շարժվելու համար։
«Պետք է ոչ միայն խոսքով, այլ նաև գործով վերականգնել Զինված ուժերի կարողությունները՝ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում, որովհետև թույլ պետության հետ որևէ մեկը խաղաղության չի գնալու։ Այդ պետության վզին փաթաթելու են ինչ-որ պայմաններ, որոնք հետագայում կոչվելու են խաղաղություն», - ասաց Տիգրան Գևորգյանը։