09/05/2022 18:27
Հայ երիտասարդը կապիտուլացված չէ. հայրենիքը մեր կարիքն ունի առավել քան երբևէ, ոտքի կանգնեք. Դավիթ Ափոյան
Մեր ընկերները զոհվել են հանուն վաղվա մեր ապագայի, համազգային հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:
«Մենք իրավունք չունենք ապրել մեր գլուխները կախ, մենք պետք է ապրենք արժանապատիվ, հայ երիտասարդը կապիտուլացված չէ ու դա պետք է հասկանա մեզանից յուրաքանչյուրը, դա պետք է հասկանա ամբողջ աշխարհը», - ասաց նա:
ԵՊՀ-ականի խոսքով՝ համալսարանականի համար զենքն իր գիտելիքն է, կրթությունն է ու մշակույթը ու արժանապատվության համար պետք է պայքարել վերոնշյալներով, բայց, երբ անհրաժեշտ լինի՝ զենք են վերցնելու ու պայքարելու են հայրենիքի համար զենքով:
«Մենք պետք է հասկանանք, որ այս դժվար պահից դուրս գալու համար պետք է պայքարել, ինչքան էլ երկար լինի մայրամուտը, դրան հաջորդելու է արևածագը, ու ես վստահ եմ, որ արևածագը հեռու չէ, մենք մոտ ենք արևածագին: Մենք պետք է պայքարենք՝ կոտրելով մեր մեջի անտարբերությունը, մենք պետք է գիտակցենք յուրաքանչյուրիս վրա դրված պատասխանատվությունը, պետք է լինենք համարձակ, բոլորը պետք է հասկանան՝ հայ երիտասարդը չի հանձնվել, հայ երիտասարդը պայքարելու է ու ոչ ոք հայ երիտասարդին չի կարող համոզել, որ հետ կանգնի իր պապերի տված ժառանգությունից», - հայտարարեց Ափոյանը:
Նա նշեց, թե հայ երիտասարդը չի պարտվել ու հայ երիտասարդն իր կամքը պետք է դրսևորի հանուն իր արժանապատիվ ապագայի:
«Մեր հայրենիքը մեր կարիքն ունի առավել քան երբևէ, ոտքի կանգնեք ու կոտրեք ձեր մեջի անտարբերությունը: Մենք մեր վաղվա ապագան կերտելու ենք Շուշիում, Հադրութում», - ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահը:
Նա ասաց, թե փորձելու են երիտասարդներին մոլորեցնել, բայց այն երիտասարդը, ով կմտածի սեփական ուղեղով, չի մոլորվի: