10/05/2022 20:15
Կանոններ՝ երեխաների իմունիտետի ամրացման համար
Իմունիտետն օրգանիզմի «վահանն» է՝ արտաքին և ներքին ազդեցություններից պաշտպանող։ Երբ բակտերիաները, վիրուսները թափանցում են օրգանիզմ, իմունային բջիջները սկսում են ակտիվորեն արձագանքել դրանց. ձևավորվում է հակամարմին։ Հղիության առաջին շաբաթներից սկսած ձևավորվում է երեխայի իմունային համակարագը, որը վերջնական տեսք ստանում է 7-ից 8 տարեկանում։
Կարևոր է երեխայի իմունիտետը «մարզելը», զարգացնելը։ Բացարձակ ստերիլ միջավայրը երեխայի իմունային համակարգի, առողջության համար բացասական ազդեցություն ունի։ Եթե երեխան շատ հաճախ է հիվանդանում, ուղեկցվում է բարդացումներով, ազդանշան է, որ իմունային համակարգն աջակցության կարիք ունի։ Երեխաների հաճախ հիվանդացության դեպքում ծնողները ինքնաբուժությամբ են զբաղվում՝ դիմելով հակաբիոտիկների օգնությանը. կարևոր է հիշել, որ դրանք ոչ միայն վնասազերծում են ախտածին մանրէները, այլ նաև սպառում օգտակար մանրէները աղիների միկրոֆլորայում (պրոբիոտիկներով հարուստ սննդամթերքները կօգնեն աղիների միկրոֆլորայի կարգավորման հարցում)։
Իմունիտետի ամրացման հարցում խիստ կարևոր է երեխայի կանոնակարգված առօրյան, առողջ քունը։ Հատկապես ամռանը արևի ուշ մայր մտնելու պատճառով խախտվում է երեխայի քնի ռեժիմը, ինչը երեխաների օրգանիզմի համար սթրեսային է (սթրեսը իմունիտետը ճնշող հիմնական գործոններից է): Երեխայի քնի որակի համար կարևոր է օրվա ընթացքում ծախսած էներգիան. խիստ կարևոր է երեխայի ֆիզիկական բավարար ակտիվությունը։
Կարևոր է նաև ճիշտ հագուստի, ներքնազգեստի ընտրությունը. վառ գույներով հագուստը պարունակում է մեծաքանակ սինթետիկ ներկեր, որ բացասաբար են ազդում երեխայի առողջությանը։ Ճիշտ է ընտրել բնական գործվածքով, բաց երանգով հագուստ։
Մանկապարտեզում, դպրոցում երեխաներն ապահովագրված չեն բացասական հույզերից, էմոցիաներից. կարևոր է ծնողների մշտական ուշադրությունը, հոգատարությունը՝ օգնելու երեխային հաղթահարել բացասական էմոցիաները։
Իմունիտետի ամրացման գործում անփոխարինելի են մաքուր օդն ու արևի ջերմությունը (վիտամին D)։
Իմունային համակարգի լավագույն «գործընկերը» ճիշտ սննդակարգն է. բացառել է պետք ռաֆինացված շաքարը, գազավորված ըմպելիքները։ Սիրելի քաղցրավենիքները պետք է փոխարինել մրգերով, չրերով, արմավով։
Երեխաների սննդակարգում պետք է գերակշռեն վիտամիններ, միներալներ, հանքանյութեր պարունակող մթերքները։
Այսպիսով՝
Վիտամին D-ն կանխում է ռախիտի առաջացումը, նպաստում ատամների, ոսկրային համակարգի ձևավորմանը։ Վիտամին D-ի աղբյուր են ձկների լյարդի ճարպը, ձկան յուղը, ձվի դեղնուցը։
B խմբի վիտամինները կարևոր են նյարդային համակարգի առողջության համար, օգնում են հաղթահարել քնքոտությունը, հոգնածությունը։ B խմբի վիտամիններ կան ձկնեղենի, ձվի, կանաչ տերևավոր բանաջարեղենի, սիսեռի, լոբեղենի մեջ։
Վիտամին A-ն լավացնում է մաշկը, կարևոր է տեսողության, ատամների առողջության համար։ Վիտամին А պարունակում են ձվի դեղնուցը, գազարը, լոլիկը, մասուրը, կարմի տաքդեղը։
Վիտամին C-ն հատկապես արդյունավետ է մրսածության դեմ պայքարում։ Վիտամին C-ի առավելագույն քանակություն կա մասուրում, սև հաղարջում, նարնջում, կիտրոնում, կարմիր տաքդեղում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։