10/05/2022 18:30
Ոստիկանությունը գործում է վարչապետ կոչեցյալի ցուցումով․ վստահ են, որ որևէ պատիժ չի լինի. Ավետիք Իշխանյան
Ընդդիմությունը, պայքարի շարժում ծավալելով, մեծ պատասխանատվություն է վերցեր իր ուսերին և ուղղակի իրավունք չունի ձախողելու այդ պայքարը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Ինչ վերաբերում է ոստիկանական ուժերի՝ ցուցարարների նկատմամբ գործողություններին, իրավապաշտպանն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունում ոստիկանությունն օրենքով չի շարժվում, և ոստիկանության գործողությունները որևէ աղերս չունեն օրենքի հետ։
«Ոստիկանությունը գործում է վարչապետ կոչեցյալի ցուցումով, և բոլոր տեսակի բռնություններն ու դաժանությունները նրա ցուցումով են կատարվում, որովհետև ոստիկանները վստահ են, որ որևէ պատիժ չի լինի։ Ավելին՝ ով ավելի դաժան գտնվի, ավելի բարձր խրախուսանքի կարժանանա։
Սա ՀՀ ոստիկանության պահվածքն է։ Հավաքների ժամանակ այսքան ահռելի թվով ոստիկաններ Հայաստանում երբևէ չեն եղել։ Տպավորություն է, որ Հայաստանն օկուպացված է ոստիկանական համազգեստով ինչ-որ օտար ուժերի կողմից»,- ասաց Ավետիք Իշխանյանը։
Իրավապաշտպանի համոզմամբ՝ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելով՝ ոստիկանությունը նպատակ ունի վախեցնել ցուցարարներին, ինչպես նաև մյուս քաղաքացիներին, որպեսզի վերջիններս չմիանան բողոքի հավաքներին։
«Սրան գումարվում են նաև իշխանության սադրանքները՝ Արմեն Մարտիրոսյանով սկսած (նկատի ունի «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագրին՝ խմբ.), տարբեր ծերունիներով շարունակած, կանանցով վերջացրած, ընդդիմադիրներին գաղտնալսելը և նաև իմ կարծիքով Սուրիկ Խաչատրյանի «նամակը»։ Ես կարծում եմ, որ այդ «նամակը» նույնպես սադրանք էր՝ իշխանությունների կողմից հրահրված՝ որպես Սուրիկ Խաչատրյանի ունեցվածքի պահպանման երաշխիք»,- ասաց Ավետիք Իշխանյանը։