10/05/2022 22:16
Մի՛ ենթարկվեք ճնշումներին, մի՛ եղեք «Նիկոլի սելֆիի ձողը»․ Իշխան Սաղաթելյանը դիմեց պետական համակարգի ծառայողներին և Հանրային հեռուստաընկերությանը
Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը դիմեց պետական համակարգի հանրային ծառայողներին, ովքեր կաշկանդվում են մասնակցել պայքարի գործողություններին, քանի որ նրանց նկատմամբ կա ճնշում իշխանություններից և իրենց անմիջական վերադասներից։
«Այդ նախարարներին և մարզպետներին որևէ բանի տեղ մի դրեք։ Դրանց հաշված օրեր են մնացել։ Իսկ բոլոր նրանց, ում աշխատանքից ազատել են, վստահեցնում ու երաշխավորում եմ՝ այդ աշխատանքին վերականգնվելու են»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա դիմեց նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը, որն իր գործունեությունն ապահովում է ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին և հայտարարեց՝ Հանրային հեռուստաընկերությունը դարձել է «Նիկոլի սելֆիի ձողը» կամ «Հայկական ժամանակ»-ի կցորդը։
«Խելքի՛ եկեք, մի՛ դարձեք այդ ուսապարկերի կամակատարը, մի՛ դարձեք դրանց «քոմենթների» մեկնաբանողը և ներկայացրեք այն, ինչն իրականում մեր երկրում գոյություն ունի։ Մենք հասկանում ենք ձեր աշխատավարձերի չափը, բայց դուք սնվում եք ժողովրդի գրպանից։ Այստեղից կոչ ենք անում՝ խելքի եկեք և ուշքի եկեք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։