10/05/2022 12:41
Բաքուն և Երևանը պայմանավորվել են սահմանազատման հանձնաժողովի կազմի շուրջ. Ադրբեջանի արտգործնախարար
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պայմանավորվել են ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և անվտանգության համատեղ հանձնաժողովի կազմի շուրջ։
«Ադրբեջանական կողմը Երևանին առաջարկել է ավելի բարձր մակարդակով հանձնաժողով կազմակերպել։ Հաշվի առնելով սահմանազատման գործընթացի մի շարք առանձնահատկություններ և տարբերություններ՝ մեր առաջարկն այն էր, որ հանձնաժողովը պետք է կազմակերպվի այլ ձևաչափով, այն ղեկավարվի ավելի բարձր մակարդակով։ Ադրբեջանական կողմի առաջարկն այն էր, որ ադրբեջանական կողմից հանձնաժողովը ղեկավարողը լինի փոխվարչապետի մակարդակով», - ասել է նա։
Բայրամովի խոսքով՝ Բաքուն և Երևանը համաձայնության են եկել հանձնաժողովի կազմի շուրջ։
«Հայկական կողմն ընդունել է մեր առաջարկը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հանձնաժողովի կազմի շուրջ։ Սակայն, ինչպես արդեն նշել ենք, առաջին հանդիպումը դեռ չի կայացել։ Մենք պատրաստ ենք հանդիպմանը», - հավելել է արտգործնախարարը։