10/05/2022 12:04
Վեճը բաժանող մարդուն բռնում են, իսկ սադրիչներին, դրոշները կոտրողներին, ավտոմեքենաներին խփողներին ոչինչ չեն անում. Աշոտյանը՝ Դանիելյանի մասին
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կեղտոտ ձեռագրի մեջ մտնում էին սադրանքները, մանիպուլյացիաները։ Տեսնում ենք, թե երեք օր է՝ ինչ կեղտոտ հակաքարոզչություն է արվում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանի հետ տեղի ունեցած միջադեպին։
«Դաշնակցական մեր գործընկերներն արդեն բացատրել են, թե Գյումրիում ինչ է տեղի ունեցել։ Սադրիչները, որոնք մեքենաներին են հարվածում, հայհոյում են, չեն պատժվում, իսկ մարդիկ, ովքեր փորձում են պաշտպանվել (չեմ արդարացնում ծեծը, դատապարտում եմ, որ տարեց մարդկանց նկատմամբ ֆիզիկական ուժ է գործադրվել), նրանց բերման են ենթարկում», - ասաց Արմեն Աշոտյանը։
Նա նշեց՝ տեսանյութում երևում է, թե ինչպես է Հենրիխ Դանիելյանը գնում բաժանելու վեճի բռնված մարդկանց։
«Բաժանող մարդուն բռնում են, իսկ այն սադրիչներին, կեղծ ռազմագերիատերերին, դրոշները կոտրողներին, ավտոմեքենաներին խփողներին ոչինչ չեն անում։ Հասկանում եք չէ, թե ինչ ընտրողական արդարադատություն է», - ասաց Աշոտյանը։
Հիշեցնենք՝ փաստաբան Բենիկ Գալստյանը գրել էր. «Այսօր՝ ժամը 07:15-ին, ոստիկանության աշխատակից ներկայացած առանց տարբերանշանների ինչ-որ անհասկանալի համազգեստով անձինք խաբեությամբ՝ խուզարկություն կատարելու պատրվակով մուտք են գործել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի բնակարան և նրան տարել անհայտ ուղղությամբ»։