10/05/2022 19:20
Մեր պայքարը նաև նրա համար է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից նոր տարածքներ չզիջվեն.Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Մեր պայքարը նաև նրա համար է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից նոր տարածքներ չզիջվեն, որ Արցախը մնա հայկական, որ հայը մնա հայ և թուրքի պարտադրանք ներքո նոր զիջումների չգնանք, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով Ադրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարությանը, թե Տավուշի մարզի 7 գյուղ և Տիգրանաշենը սահմանազատման արդյունքում անցնելու են Ադրբեջանին:
Լրատվամիջոցի զրույցում Արթուր Վանեցյանը հանրության ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ մինչ այս պահը հայկական կողմից որևէ արձագանք չկա ադրբեջանական կողմի հայտարարություններին։ Միաժամանակ հիշեցրել է, որ մինչ այժմ էլ իշխանական մի շարք պատգամավորներ ու տարբեր պաշտոնյաներ հայտարարում էին, թե Տավուշում, Սյունիքում և Արարատում կան գյուղեր, որոնք ադրբեջանական են։
«Գորիս-Կապան ավտոճանապարհը ադրբեջանցիների կողմից փակված է, ոստիկանները, որ գալիս են ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ են կիրառում, այդքան ուժեղ են, թող գնան Գորիս-Կապան ճանապարհը բացեն, որն արդեն 6-7 ամիս է փակ է»,-ասել է Արթուր Վանեցյանը:
«Հայրենիք» կուսակցության նախագահն անդրադարձել է նաև բողոքի խաղաղ ակցիաների ժամանակ կիրառվող բռնություններին՝ նշելով՝ դրանց թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են:
Ոստիկանությունն առանձին դեպքերում բիրտ ուժ է գործադրում խաղաղ ակցիաների մասնակիցների նկատմամբ, խոչընդոտում դրանց անցկացմանը, որոշ բնակավայրերում, օրինակ՝ Գյումրիում նաև միջադեպեր են գրանցվել։ Արթուր Վանեցյանն անընդունելի է համարել բռնության ցանկացած դրսեւորում՝ անկախ նրանից, թե ով է մեղավոր։
«Բռնություն չպետք է տեղ ունենա մեր հասարակության մեջ։ Ուզում եմ նաև ասել, որ եթե մեր կողմնակիցները ինչ-որ մեկի նկատմամբ բռնություն են կիրառել, ներողություն են խնդրում դրա համար, բայց տեսնում ենք, որ այդ սադրանքները ուղղորդված են իշխանությունների կողմից։ Կան դեմքեր, որոնք, երևում ՝՝ ՔՊ-ի անդամներ են, տարբեր պաշտոններ են զբաղեցնում։ Օրինակ՝ Գյումրիում «Դիմադրության» շարժման մասնակիցների դեմ ակցիա է անում մի տղա, որն ունի տարբեր կապեր ՔՊ-ի հետ։ Այսինքն՝ սրանք իշխանության կողմից հստակ ուղղորդված սադրանքներն են: Տարեցները ձվերով հարվածում էին, հայհոյանքներ էին տալիս, մեր տղաներն էլ մոտենում են, որ սթափեցնեն, հրմշտոց է լինում»,-ասել է Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով՝ այս ամենի ողջ պատասխանատվությունը կրում են իշխանությունները:
Միաժամանակ նա անընդունելի է համարել ոստիկանների կողմից բիրտ ուժի գործադրումը ցուցարարների նկատմամբ։
«Ոստիկանությունը պարտավոր է ապահովել խաղաղ անհնազանդության երթերի մասնակիցների անվտանգությունը, որևէ այլ իրավասություն չունի։ Խորհուրդ կտամ ոստիկաններին, որոնք ապօրինի հրամաններ են կատարում, հասկանալ որ այս ամենը ավարտվելու է, իսկ մեր պայքարը ոչ թե ինչ-որ բաների դեմ է, այլ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի համար է»,-ասել է նա: