10/05/2022 20:22
Փաշինյանի և Ալիևի ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է․ Իշխան Սաղաթելյան
Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթլյանն անդրադարձավ Գյումրիում տեղի ունեցած հայտնի միջադեպին՝ ընդգծելով՝ դատապարտում են ցանկացած բռնություն։
Իշխան Սաղաթելյանը միևնույն ժամանակ հորդորեց չտրվել սադրանքների։
«Մի՛ տրվեք սադրանքների։ Սա մարտի 1 կազմակերպած, հղի կնոջը սպանած, պատերազմում մեր երկրին պարտություն բերած, հայրենիք հանձնած իշխանության ձեռագիրն է։ Մեր շարժումն իրական համերաշխության շարժում է, մեր պայքարը մեր բոլոր հայրենակիցների համար է։ Մենք, բացի Նիկոլից ու նրա նեղ խմբակից, մեր ժողովրդի մեջ «թուրքեր» չենք փնտրում»,- ընդգծեց նա։
Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ընթացքում անդրադարձավ նաև Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը։
«Ասվում է, թե Տավուշի, Վայոց ձորի մարզերում կան հողեր, և օրվա իշխանության հետ կա պայմանավորվածություն՝ այդ հողերն իրենց «վերադարձնելու» շուրջ։ Մենք պայքարում ենք հենց դա կանխելու համար։
Սա միայն Արցախի հարց չէ, սա գոյաբանական հարց է՝ հայ ժողովրդի անվտանգության հարց։ Հետևաբար, Նիկոլի և Ալիևի ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։